10.12.2019 11:36

Իմպիչմենտ. Դեմոկրատները պատրաստ են միանգամից երկու մեղադրանք առաջադրել Թրամփի դեմ

Իմպիչմենտ. Դեմոկրատները պատրաստ են միանգամից երկու մեղադրանք առաջադրել Թրամփի դեմ

Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը լրագրողներին հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մտադիր չեն ձգձգել իմպիչմենտի գործընթացը և կարող են նախագահ Թրամփին պաշտոնապես մեղադրանք ներկայացնել արդեն երեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, առավոտյան:

«Կարծում եմ, որ այդ որոշմանը համաձայն է մեծամասնությունը»,- հայտարարել է նա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ բանակցություններից հետո:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ դեմոկրատները մտադիր են նախագահին մեղադրանք ներկայացնել երկու հոդվածով՝ անձնական նպատակներով պաշտոնական դիրքն օգտագործելու և կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով:

Ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի ներկայացուցիչները չեն բացառում, որ մեղադրանքի հոդվածների ցանկը կարող է ավելի ընդարձակվել. Սպիտակ տան ղեկավարի ընդդիմախոսները դեռ չեն որոշել՝ արդյո՞ք այդ ցուցակում կընդգրկվեն ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու նպատակով օտարերկրյա պետության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիման վրա արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: