10.12.2019 15:58

Տեղեկատվական մարտեր առանց կանոնների

Տեղեկատվական մարտեր առանց կանոնների

Առնվազն կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ արդեն տեւական ժամանակ է՝ բառիս բուն իմաստով  համակարգված քարոզչական գրոհ է տեղի ունենում Երեւանի քաղաքապետի դեմ, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում, հասնում է գագաթնակետին, հետո մի քիչ թուլանում է, հետո էլի ակտիվանում:

Ընդ որում, տպավորություն է, թե թեմաները ու առիթները կարեւոր չեն, կարեւորը  լրահոսը տաք պահելն է, եւ այդ ամբողջ տեղեկատվական տարափի մեջ սովորական քաղաքացու համար դժվար է լինում  կողմնորոշվել, թե որտեղ է, որ քաղաքային իշխանությունները իրապես թերացել են, եւ այդ հարցով պետք է իրապես քննադատել նրանց: Իսկ դժվար է, որովհետեւ կողքից այնքան բազմաթիվ մանիպուլյացիաներ են տարածվում, որ մարդիկ մտածում են, թե բոլոր թեմաներն էլ ուրեմն մանիպուլյացիա են:

Բայց հարցը միայն կամ ամենեւին էլ քաղաքապետը չէ:

Տեղեկատվական դաշտին ուշադիր հետեւող մարդիկ վաղուց են նկատել, թե ինչպես են այս կամ այն թեմաների վերաբերյալ համակարգված գրոհներ իրականացվում: Երբեմն, իհարկե, կարող է թվալ, թե լիովին պատահաբար՝ տարբեր, իրար հետ կապ չունեցող մարդիկ կամ գործիչներ մեկ էլ ու հանկարծ ինչ-որ կոնկրետ հարցի շուրջ որոշակի անհանգստություններ կամ տեսակետներ են սկսում հայտնել, կոչնակներ հնչեցնել:

Բայց երբ առավել ուշադիր ես նայում, երեւում է, որ մեծ մասամբ գործ ունենք համակարգված աշխատանքի հետ, որտեղ ներգրավված անձինքն լավ էլ փոխկապակցված են միմյանց:

Այսօր թիրախը քաղաքապետն է, իսկ բառացիորեն մի քանի օր առաջ էլ նույն համակարգված գրոհը ԼՂ հիմնախնդրի հարցում էր:

Ու եթե քաղաքապետի պարագայում դեռ կարող ենք հասկանալ, որ քաղաքական տարբեր ուժեր փորձում են երբեմն ոչ քաղաքական մեթոդներով իրենց քաղաքական նպատակները իրականացնել եւ համակարգված են աշխատում, որովհետեւ նրանց քաղաքական նպատակներն այս պահին համընկնում են, ապա ղարաբաղյան հիմնախնդրով տեղի ունեցածը հասկանալ հնարավոր չէ, որովհետեւ այն ոչ թե տեղեկատվական գրոհ էր, այլ՝ տեղեկատվական ահաբեկչություն:

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում կայացած ԱԳ նախարարների հերթական հանդիպումից առաջ թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ ԶԼՄ-ներով եւ հեռուստաեթերով զուգահեռաբար սկսվեց ահազանգ, աղմուկ ու խուճապ տարածվել:

Առիթը հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի ներկայացրած հայտարարությունն էր այն մասին, թե ինչպես են իրենք պատկերացնում հակամարտության կարգավորումը: Իսկ ասվում էր այն, ինչ ասել են միշտ ու դեռ վստահաբար կասեն: Փոխարենը սկսվեց խուճապ, թե  հայկական կողմը, հանդիպելով, փաստացի՝ ընդունել է այդ օրակարգը, թե հայկական կողմը պետք է հրատապ լքի բանակցությունները, որ պետք է պատրաստվել պատերազմի (կարծես այդ ճշմարտությունը բոլորս չենք հասկանում, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, ամեն րոպե էլ պետք է պատրաստ լինել պատերազմի), թե հայկական կողմը թող հրատապ բացատրություններ տա, թե ինչ են քննարկել, թե ինչի՞ մասին է լռում նախարարը, թե ի՞նչ են «դեմ տվել» մերոնց, եւ այլն, եւ այսպես շարունակ: Այս գրոհը, բնականաբար, համեմվեց Աննա Հակոբյանի՝ Մեհրիբան Ալիեւային ուղղված խոսքով, եւ ինչպես ասում են՝ «կաշը գնաց»:

Ու արդյունքում բանից անտեղյակ քաղաքացիները անհանգիստ հարցնում էին իրար՝ ճի՞շտ է, որ պատերազմ է սկսվում: Ճիշտ է, ԱԳ նախարար Մնացականյանի ելույթից հետո թեժացումը փոքր-ինչ նվազեց, բայց ինչպես ասում են՝ «осадок остался»:

Իսկ ամենամեծ հարցն այն է, որ այն, ինչ այդ հարցով տեղի ունեցավ օրեր  առաջ, կարելի է համարել նախկինների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց իրականացրած ամենամասշտաբային ու հաջողված տեղեկատվական գրոհը, ինչը ցույց տվեց, որ, ա՝ նրանք պայքարի միջոցներում խտրականություն չեն ցուցաբերում եւ, հետեւաբար, հետո էլ չեն ցուցաբերի, եւ բ՝ տեղեկատվական դաշտում նրանց դիրքերն այս պահին ավելի ամուր են, քանի որ ավելի մեծ ու քանակապես շատ ռեուսրներ ունեն: Ուստի իշխանությունները պետք է հետեւություն անեն եւ հատկապես ԼՂ հիմնախնդրի հարցում առավել ուշադիր եւ բծախնդիր լինեն իրենց բառերում, հայտարարություններում եւ գործողություններում, որովհետեւ ամեն՝ առաջին հայացքից անմեղ թվացող բառն անգամ կարող է դառնալ ավելի լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմի առիթ «Ֆրանց Ֆերդինանդ»:

Իսկ այս պահին, քանի որ ԼՂ թեման մի քիչ պաղել է, բնականաբար, ակտիվացրել են քաղաքապետի թեման, որովհետեւ կան քաղաքական նպատակներ. այն է՝ նախկին նախագահի փեսային հարակից որոշ գործիչներ եւ երկու կուսակցություններ երազում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին:

Քրիստինե Խանումյան