11.12.2019 16:34

Փոխհրաձգություն Նյու Ջերսիում

Փոխհրաձգություն Նյու Ջերսիում

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ջերսի-Սիթի քաղաքում փոխհրաձգության արդյունքում զոհվել են հինգ տեղացիներ և մեկ ոստիկան: Երկու իրավապահ վիրավորվել է:

Փոխհրաձգությունն սկսվել է գերեզմանատանը և շարունակվել հրեական սուպերմարկետի մոտ, որտեղ բարիկադավորվել են կասկածյալները: Հարձակում գործած անձանց մտադրությունները հայտնի չեն, սակայն իշխանությունները բացառում են ահաբեկչական գրոհի վարկածը:

Սպանված ոստիկանը՝ 39-ամյա  Ջոզեֆ Սիլզը, զբաղվում էր ապօրինի զենքի առգրավմամբ նահանգի բնակիչներից: Նա փողոցային հանցագործներին զինաթափելու գծով գլխավոր մասնագետներից մեկն էր, հայտարարել է Ջերսի-Սիթիի ոստիկանապետը:

Ենթադրվում է, որ Սիլզը սպանվել է այն ժամանակ, երբ փորձել է բանակցել կասկածյալների հետ: Սպանությունից հետո հրաձիգներից երկուսը բեռնատար մեքենայով հեռացել են գերեզմանոցից և բարիկադավորվել են սուպերմարկետում ու այնտեղից շարունակել են կրակել հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում սուպերմարկետում զոհվել է հինգ մարդ, այդ թվում, ինչպես ենթադրում է ոստիկանությունը՝ երկու հրաձիգները: Ոստիկանապետի վարկածի համաձայն՝ խանութի երեք այցելուներին կրակել են հենց կասկածյալները: Ոստիկանապետն ընդգծել է, որ դա նախնական վարկած է:

Փոխանցում է BBC-ն: