11.12.2019 17:12

Լիզա Ճաղարյան. Քո՛ ապագան կառուցիր բանտախցում

Լիզա Ճաղարյան. Քո՛ ապագան կառուցիր բանտախցում

Գլխավոր մեղադրյալի հերթական կեղծիքների հեղեղին չեմ անդրադառնալու։ Անիմաստ ջանք է եւ ժամանակի կորուստ ընդդեմ մեկի, որի դեմքին որքան էլ փաստերը շպպացնես եւ հիշեցնես, որ Հայաստանում եթե մի մարդ կա, որ առնվազն բարոյական իրավունք չունի զարմանալու, ցնցվելու եւ աղաղակելու այլոց «իրավական սահմաններից դուրս» քրեական գործերի, «աբսուրդային» մեղադրանքների, «դատավարական նորմերի համատարած խախտումների», «դատարանների վրա կոպիտ եւ անթաքույց ճնշումների», «ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների» մասին, հակառակը՝ նման դեպքերում պետք է գլուխը մտցնի սեղանի տակ, եթե գեթ մեկ կաթիլ ամոթ ունի, միեւնույն է՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է նույն պնդերեսությամբ ու անբիծ կենսագրություն ունեցող դատավորի կեցվածքով ճառել այս ամենի մասին այնպես, կարծես հե՛նց իր բիրտ ու արյունոտ իշխանության տարիներին չեն գագաթնակետին հասել իր իսկ թվարկածները եւ դեռ մի երկար ցուցակ էլ՝ չթվարկվածները։

Թող շարունակի նույն ոգով։ Սրանով ընդամենն ավելի ու ավելի է խտացնելու իր հանդեպ կուտակված արհամարհանքն ու ատելությունը։ Այս կեցվածքով ինքը թույլ չի տալիս, որ հանկարծ որեւէ մեկը մոռանա, թե ով է Քոչարյանը, եւ մինչեւ ուր կարող է հասնել նրա նենգ ու անպատկառ փարիսեցիությունը, ինչի համար խորին շնորհակալություն։

Սակայն, այս նույն մեղադրյալի բարձրաձայնած կեղծիքներից մեկի կողքով չեմ կարող եւ չեմ ուզում անցնել։

Հայաստանի քաղաքացիների «չարության» վրա զարմացած այս «բարի» պարոնն ապացուցելու համար, թե ինքն, ի տարբերություն ահա՛ այս «չարերի», որքան հանդուրժող եւ «մայրթերեզիկ» է եղել իր իշխանության տարիներին, ասում է. «1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ»:

Իսկ հիմա հիշեցնեմ, թե ինչպես «համարեց» մեղադրյալ Քոչարյանը, որ ինքը պետք է «ապագա կառուցի» ու չպայքարի «անցյալի դեմ»։

Նախ՝ թեւքերը քշտեց եւ սկսեց այնտեղից, որ մինչ իր նման «միակ տղամարդու» հայտնությունը նորանկախ Հայաստանն առհասարակ պատմություն չի ունեցել, ազգային ազատագրական երկամյա աննախադեպ պայքար չի եղել, ղարաբաղյան պատերազմի հաղթանակները «կերտել է» ինքը եւ մեկ էլ մի քիչ՝ Սերժիկ Սարգսյանը։ Հայաստանյան հերոսական մաքառումների գնահատականը տվեց՝ «մութուցուրտ տարիներ», որովհետեւ, «պարզվեց»՝ Հայաստանում 1995 թվականին վերականգնված «լույսը» հենց ինքն է իր կախարդական «մատիկով» միացրել՝ Ստեփանակերտում նստած։ Ա1+ միակ ազատ եւ անաչառ հեռոստաընկերությունը փակեց, եւ հատուկենտ ընդդիմադիր թերթերի դեմ հանելով բոլոր հեռուստաընկերությունները, որոնք ստրուկի հնազանդությամբ ծառայում էին իրեն, ահա՛ իր այս դավաճանական քարոզչությունը սկսեց սփռել տալ ողջ Հայաստանով մեկ եւ նախկին պարտկոմի հմտությամբ հասարակության գիտակցությունն այնպիսի համակարգված հետեւողականությամբ սկսեց լվանալ (նույնն էլ շարունակեց իր ժառանգորդ նմանակը), որ նույնիսկ այսօ՛ր՝ հեղափոխությունից հետո իշխանության եկածներն են թութակի պես շրջանառում «30 տարվա» անտեղի կորստի մասին անհեթեթությունը՝ ամեն օր ու ամեն ժամ վիրավորելով 88-ականների այն ԱՆՆԱԽԱԴԵՊ հերոս ժողովրդին, որի շնորհիվ եւ որի գծած ոտնահետքերով են իրենք հասել այնտեղ, որտեղ հիմա են։

Բայց սա առանձին քննարկման թեմա է, որին մի օր անպայման կանդրադառնամ։

Կեղծելով, այլանդակելով պատմությունը, սրան զուգընթաց՝ «անցյալը» դարակում դրած եւ «ապագա» կառուցող Քոչարյանը տենդագին փութկոտությամբ սկսեց հանձնաժողովներ հիմնել, նախագահականին կից վերահսկողական ծառայություն ստեղծեց, որի պետն, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանին կործանելու երազանքից հիվանդացած վազգենմանուկյանական թիմի ամենամոլեռանդ անդամներից մեկն էր՝ Դավիթ Վարդանյանը, դե՛ «մազութի գործի» գլխին էլ, պարզ է, կանգնած էր նույն վազգենականների մյուս մոլեռանդը՝ Արշակ Սադոյանը։

Քոչարյանի քարոզչագործիքներն զբաղված էին ամենաստորագույն մեթոդներով ու բառապաշարով նախկիններին վարկաբեկելով, բոլոր տեսանյութերից Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը վերաբերող հատվածները մոնտաժելով, իսկ այս հանձնաժողովներն էլ օրուգիշեր քչփորեցին, քչփորեցին եւ չգտան գեթ մեկ հանցանք կամ նույնիսկ զանցանք, որը հնարավոր լիներ «կարել ու հագցնել» Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին, ի դեպ, լավագույնս խոսել է նաեւ Առաջին նախագահը. «Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատարեցին վերը նշված բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ իմ գործունեության ոլորտում։ Դավիթ Վարդանյանին հատուկ նշանակեցին Նախագահի վերահսկողական ծառայության պետ, որպեսզի բացահայտի իմ «մաֆիոզ» կերպարը։ Ստեղծեցին մի քանի խորհրդարանական հանձնաժողովներ՝ հետաքննելու համար իմ, Հրանտ Բագրատյանի եւ ուրիշների «չարաշահումները»։ Ցանկացած գործով դատախազությունում ընթացող քննությունների ժամանակ փորձեցին տարբեր մարդկանցից վկայություններ կորզել իմ, Բագրատյանի, Սիրադեղյանի եւ նույնիսկ հանգուցյալ եղբորս՝ 1985-ից «Հրազդանմեքենա» միավորման գլխավոր տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանի դեմ։ Ոչինչ չստացվեց՝ հարյուր դոլարի յուրացում անգամ չհայտնաբերվեց։ Պատկերացրեք, եթե ունենային որեւէ կոնկրետ փաստ, մեզ բոլորիս ի՞նչ կանեին. ուղղակի կբզկտեին, կոչնչացնեին, հենց այս հարթակում կախաղան կհանեին» (16 նոյեմբերի, 2007թ., հանրահավաք)։

Է՞լ ինչ արեց մեղադրյալ Քոչարյանը։ Բնականաբար, իր շուրջը հավաքեց հե՛նց նրանց, ովքեր նախկին իշխանության օղակներում աշխատել էին, այդ նույն նախկինները մերժել էին նրանց, որովհետեւ այդ պաշտոնյաներն իրո՛ք արժանի էին քրեական պատասխանատվություն կրելու եւ սրանց հետ սկսեց «ապագա» կառուցել։

Իսկ թե ինչպիսի «ապագա» կառուցեց գլխավոր ամբաստանյալը, հետագայում էլ՝ իր նմանակը, բոլորս գիտենք։

Ինչ էլ որ չգիտենք, հայտնի դատավարության եւ այլ դատավարությունների ընթացքում կտեղեկանանք։

Այդ օրը գալու է, որքան էլ որ մեղադրյալի «յուղումեղրի» մեջ լող տվող փաստաբանական գումարտակը «բացարկների ու ինքնաբացարկների» պատ շարի բուն դատաքննության առջեւ։