11.12.2019 17:49

ԼՂ հարց. ինչու է հնարավոր մանիպուլյացիան

ԼՂ հարց. ինչու է հնարավոր մանիպուլյացիան

Նախկին իշխանությունների կողմից տարատեսակ զգայական թեմաներով մանիպուլյացիաներն արդեն նորմա են դարձել: Իրական թերացումների մասին խոսելու փոխարեն՝ շահարկվում են այնպիսի հարցեր եւ այնպիսի շեշտադրումներով, որ որոշ անտեղյակ մարդկանց մոտ արագ ռեակցիա առաջացնի: Թեմաների այս շարքում, բնականաբար, առաջատարը ղարաբաղյան հակամարտության հարցն է: Այս թեման այնքան անսպառ է, որ երբեմն նախկիններին հարակից նույն թիմի անդամները թեման շահարկում են իրար իսկ հակասող պնդումներով: Բայց ամենամեծ հարցն այստեղ այլ է՝ իսկ ինչո՞ւ է նախկիններին հաջողվում պերմանենտ շահարկել ու տաք պահել այս թեման:

Նախկիններին սա հաջողվում է անել, մի կողմից, այս հարցում իրենց կողմից իրականացված քաղաքականության եւ քարոզչության շնորհիվ, մյուս կողմից էլ՝ նաեւ իշխանությունների կեցվածքի պատճառով:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ՝ մոտ 20 տարի, իշխանության եղած ուժերի եւ գործիչների պաշտոնական քարոզչությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, ըստ էության, հենված է եղել կեղծիքի վրա:

Թեեւ, մի կողմից, ընթացել են բանակցություններ, երբեմն՝ շատ ինտենսիվ, բայց մարդկանց հրամցվել է լիովին այլ տեղեկատվություն, որի հիմնական միտքը եղել է այն, որ հարցը փաստացի լուծված է: Այս քաղաքականությունը բերել է նրան, որ մարդկանց զգոնությունը պարզապես բթացվել է, եւ նրանք աստիճանաբար ավելի ու ավելի քիչ են սկսել ուշադրություն դարձնել բանակցային գործընթացին, հանդիպումներին ու հայտարարություններին:

Եւ բնական է, որ եթե տարիներ շարունակ մարդիկ աստիճանաբար դարձել են ավելի ու ավելի պակաս տեղեկացված բանակցային գործընթացից, իրական տեղեկատվության փոխարեն ստացել են միայն կամ հիմնականում բանակցությունների մասին իշխանական քարոզչամեքենայի մեկնաբանությունները, ապա ինքնաբերաբար այդպիսի մարդկանց ամբողջականությունը վերածվել է մանիպուլյացիաներ անելու համար հարմար ու պարարտ հողի:

Այսինքն, նախկինները այսօր օգտվում են բանակցությունների վերաբերյալ տարիներով տարածած կեղծիքից:

Բայց սա որքան էլ պարարտ հող է այսօր մանիպուլյացիաներ անելու համար, այն բավարար չէր լինի, կամ առնվազն գոնե այդ հարցում նրանք դժվարություններ կունենային, եթե իշխանությունների կեցվածքն այլ լիներ:

Իշխանությունները խուսափում են հստակ եւ փաստարկված դիրքորոշում հայտնել կարգավորման վերաբերյալ, ներկայացնել իրենց մոտեցումներն ու պատկերացումները: Բաց քննարկել նախկին բոլոր կարգավորման տարբերակները, նշել դրանց դրական եւ բացասական կողմերը, ներկայացնել սեփական մոտեցումները:

Ակնհայտ է, որ իշխանությունները, մի կողմից, ցանկանում են բոլորին ականջահաճո հայտարարություններ անել, մյուս կողմից էլ՝ խուսափում են բաց խոսելուց, քանի որ վախենում են, որ նախկիններն այդ պարագայում կշահարկեն ու մանիպուլյացիաներ կանեն, դա կսասանի իշխանությունների դիրքերը, ու նախկինները, հարցը օգտագործելով, կփորձեն, այսպես ասած, ռեւանշի հասնել: Բայց ակնհայտ է նաեւ այն, որ այս խուսափողականությունը հակառակ արդյունքն է ունենալու եւ մանիպուլյացիաների համար շատ ավելի մեծ դաշտ է բացելու: Ու որքան իշխանությունները խուսափեն, այնքան նախկինները նախահարձակ են լինելու: Այո, ներքին լսարանը ականջահաճո հայտարարություններ է ցանկանում լսել, բայց կա բանակցային գործընթաց, որտեղ ներգրավված է նաեւ միջազգային հանրությունը, եւ իշխանությունները պետք է խիզախություն ունենան, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն անցնելու փոխարեն՝ հավասարակշռված գործողությունների պլան մշակեն, ստեղծեն իրենց օրակարգն ու այդ օրակարգով խոսեն թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի հետ:

Արմեն Սարգսյան