12.12.2019 12:50

98-ի քարոզչական հիստերիայի դասերը. Առավոտ

98-ի քարոզչական հիստերիայի դասերը. Առավոտ
Լուսանկարը՝ Արմենպրեսի

«Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել»: Եթե նման բան ասեր որեւէ հումանիստ՝ ասենք, Լեւ Տոլստոյը, Մահաթմա Գանդին կամ Ալբերտ Շվեյցերը, ապա ես դա անվիճելի ճշմարտություն կհամարեի: Իսկապես, կալանքով կամ ընդհանրապես մարդու կրած ցավով, տառապանքով ուրախանալը ապակառուցողական էմոցիա է՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը: Ուրիշ բան, որ քաղաքացին կարող է բավարարվածության զգացում ունենալ, որ իր պետության օրենքները գործում են, եւ իր այն համաքաղաքացիները, որոնք խախտել են այդ օրենքները, կանգնել են դատարանի առաջ ու որոշ ժամանակով մեկուսացվել են հասարակությունից: Բավարարվածության զգացում՝ այո, ուրախություն՝ ոչ:

Բայց երբ այս պնդումն անում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մի մարդ, որն իր ղեկավարության տասը տարիների ընթացքում զբաղված էր նրանով, որ բորբոքում էր այդ նույն դեստրուկտիվ հույզերը, դա վերին աստիճանի տարակուսելի է: «1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ», – ասել է Քոչարյանը «Հրապարակին» տված հարցազրույցում:

Չեմ կարծում, որ 65 տարեկան քաղաքական գործիչը կարող է մոռանալ, թե ինչ էր կատարվում 98 թվականին, երբ առաջին նախագահին ուղղված «Ղարաբաղը ծախելու» կեղծ մեղադրանքով նա եկավ իշխանության: Այո, հասարակական կարծիքը խիստ բացասաբար էր տրամադրված Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի հանդեպ: Բայց այն պնդումը, թե ինքը՝ Քոչարյանը որոշել էր ապագա կառուցել, ոչ թե պայքարել անցյալի դեմ, ամենեւին չի համապատասխանում իրականությանը: 1998-ի գարնանից սկսած քոչարյանական քարոզչությունը՝ «Հայլուրի» գլխավորությամբ եւ դաշնակցական մամուլի մասնակցությամբ, հիստերիա էր բորբոքում «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ՝ թիրախավորելով Տեր-Պետրոսյանին, Սիրադեղյանին, Շահնազարյանին եւ նախկին այլ ղեկավարների: «ՀՀՇ-ականն» այն ժամանակ հայհոյանք էր եւ հավասարազոր էր «թալանչի» որակմանը:

Հորինվել էր «ցրտի-մթի տարիներ» քարոզչական պիտակը, որը կոչված էր ստվերել արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակը: Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար էր նշանակվել Դավիթ Վարդանյանը, որը «մուռ ուներ» նախկին զինակիցների հանդեպ եւ «կոմպրոմատներ» էր պեղում նրանց դեմ (առանձնապես բան չգտավ): Հեռու եմ այն մտքից, որ 1991-98 թվականներին հանցագործություններ չեն կատարվել, բայց դրանցով պետք է զբաղվել առանց ամբոխի ստորին բնազդները բորբոքելու:

Այնպես որ, Քոչարյանը շատ ագրեսիվ ձեւով պայքարում էր անցյալի դեմ: Ինչ ցանել է, դա էլ հնձում է: Ինչի համար եմ այս ամենը հիշեցնում: Երկրորդ նախագահին ճշմարտությունը բացարձակապես պետք չէ՝ նա զբաղված է իր «պաշտպանական մարտավարությունն» իրագործելով: Բայց գուցե դա պետք է այսօրվա իշխանությանը, գուցե այն դասեր քաղի 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից եւ դրանց հետեւանքներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Առավոտ