12.12.2019 13:15

Իգիթյան. Քոչարյանին մարդ սարքել է Տեր-Պետրոսյանը. 1in.am

Իգիթյան. Քոչարյանին մարդ սարքել է Տեր-Պետրոսյանը. 1in.am

«Ես չգիտեմ՝ 98թ. այդպիսի հանրային պահանջ կար, թե չկար, Ռ. Քոչարյանն այդ ժամանակ երկրի նախագահն էր, և եթե օրենքով հիմք կար որևէ մեկին, այդ թվում՝ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, քրեական գործով կամ այլ քաղաքական պատասխանատվության կանչելու, թող աներ, ի՞նչ է ուզում հիմա դրանով ասել»,- «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում հայտարարում է, թե իբր 1998թ. հանրային մեծ պահանջ կար ձերբակալելու Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա ինչո՞ւ դա չարեց, եթե գտնվեր այդպիսի քայլ կատարելու հիմնավորում:

Իգիթյանը նաեւ նշել է. «Ինքն ուզում է ասել, որ այն մարդը, որն իրեն մարդ սարքեց, քաղաքական գործիչ՝ թե՛ Ղարաբաղում, երբ որ ինքը 90թ. 7-8 ձայն էր հավաքում և չէր կարող ընտրվել նույնիսկ մարզսովետի նախագահ, և այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դարձրեց Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ՝ հռչակելով Ղարաբաղի առաջին դեմք, և հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը նրան բերեց այստեղ և ձևավորեց որպես քաղաքական գործիչ: Այդ ժամանակ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին աստված էր համարում կամ առնվազն թագավոր: Եթե ուզում էր, թող ձերբակալեր, հիմա ինչի՞ց, ումի՞ց է բողոքում և ո՞ւմ է բողոքում, որ ինքը 21 տարի առաջ չի ձերբակալել Լևոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ ինչ է ուզում ասել դրանով, եթե հիմք կար, թող ձերբակալեր, չկար՝ չձերբակալեր, եթե չես ձերբակալել՝ օրենք խախտելով, ուրեմն հիմա պատասխանատու ես դրա համար, եթե հիմք չկար և չես ձերբակալել, հիմա ինչու ես խոսում: Գուցե այս թեման հետաքրքիր է, բայց մենք պետք է միշտ հիշենք, որ այսօր կա Մարտի 1-ի հետ կապված քրեական գործ և հարցեր կան. հասարակությունը սպասում է այդ հիմնական հարցերի պատասխանին՝ ո՞վ է բանակը հանել փողոց, ո՞վ է բանակին կրակելու հրաման տվել, ո՞վ է Լեռնային Ղարաբաղից այստեղ բանակ բերել, ո՞վ է հետագայում հրաման տվել կեղծ գործեր սարքել, ո՞վ է հրաման տվել ոստիկաններին, որոնք կեղծ ցուցմունքներ էին տալիս, ո՞վ է հետագայում կոծկել ապացույցները, ո՞վ ի՞նչ դերակատարություն ուներ…»: