13.12.2019 11:15

Գնացած գնացքի հետեւից վազողները

Գնացած գնացքի հետեւից վազողները

Նախկինները խոսում են արտահերթ ընտրությունների մասին: Վերջին շրջանում նրանք այս միտքը երբեմն-երբեմն փորձում էին շրջանառել, բայց այս օրերին դա անում են ավելի շատ, այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց ու հայտարարեց, թե իր կարծիքով՝ Փաշինյանի ժողովրդականությունն անկում է ապրում, ինչն, ըստ նրա, թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով, եւ որ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Ու այս հարցազրույցից հետո նախկինում երբեմն-երբեմն արտահերթ պահանջող նախկինները ակտիվացան ու սկսեցին ձայնակցել՝ «արտահերթ, արտահերթ»:

Ու եթե ի մի ես բերում «արտահերթ» պահանջողներին, ապա ստացվում է, որ դա պահանջում են քոչարյանամերձ շրջանակները, հանրապետական շրջանակները, Սերժ Սարգսյանի փեսային հարող շրջանակները, Դաշնակցությունը եւ այս բոլորին այս կամ այն կերպ հարող «նորաստեղծ» գործիչներ:

Ընդ որում, առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Արտահերթ ցանկացող ուժերից երկուսը՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, մինչ 2018 թվականի արտահերթ ընտրությունները խորհրդարանական ուժեր էին,  ՀՀԿ-ն էլ կայուն մեծամասնություն էր: Բայց արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք անգամ նվազագույն շեմը չկարողացան հաղթահարել:

Ավելին, անգամ չվիճարկեցին ընտրություններն ու ճանաչեցին դրանց արդյունքները: Ու հիմա, մեկ տարի չանցած՝ արդեն արտահերթ են ցանկանում՝ թերեւս մտածելով, թե մարդկանց հիշողությունն այնքան կարճ է, որ հանրության դեմ իրենց վարած մեկ տարվա տեղեկատվական պատերազմը պտուղներ պիտի տված լինի, եւ հանրությունը մեկ տարվա ընթացքում պիտի մոռացած լինի իրենց էլ, իրենց ասածներն ու արածներն էլ, եւ հիմա եթե արտահերթ ընտրություններ լինեն, կգնան ու ձայն կտան իրենց:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունն ավանդաբար վիճարկում էր դրանք՝ հայտարարելով կատարված ընտրակեղծիքների մասին, այն ժամանակ իշխանություն ունեցողները մեկ մարդու պես անընդհատ կրկնում էին, թե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա: Դա նրանք պնդում էին անգամ 2008-ից հետո, երբ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ էր, եւ ընթանում էր ընդդիմություն-իշխանական կոալիցիա երկխոսությունը՝ ընդդիմության՝ արտահերթ ընտրությունների պահանջով:

Այն ժամանակ, սակայն, նրանք քաղաքականապես կույր էին եւ չէին տեսնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն:

Այսօր, ահա, նրանց տեսողությունը, փաստորեն պայծառացել է այնքան, որ ոչ միայն տեսնում են, այլեւ տեսնում են, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների կարիք կա:

Իհարկե, իրեն ընդդիմադիր համարող ցանկացած քաղաքական ուժ առաջին հերթին պետք է քննադատի այդ պահին իշխանություն ունեցողներին: Բայց նախկիններն այնքան երկար  ընդդիմություն չէին եղել, որ մի քիչ խառնել են ամեն ինչ: Նրանց, թերեւս, թվում է, որ եթե իրենց ժամանակվա ընդդիմությանը հաջողվել է պերմանենտ մոբիլիզացնել հանրությանը իրենց՝ իշխանության հանդեպ սուր քննադատությամբ, ապա այսօր էլ իրենք կարող են անել նույնը: Ու մի՞թե չեն զարմանում, թե ինչու իրենց մոտ չի ստացվում: Դեռ չե՞ն հասկացել, որ խնդիրը մեթոդը չէ, եւ որ նախկինում ընդդիմությանը դա հաջողվել է՝ ոչ թե որովհետեւ կա ընդդիմության համար գրված գործողությունների պլան կամ մշտաշխատ բաղադրատոմս, այլ այն, թե կոնկրետ իրավիճակում հանրության գոնե մեծ մասը ինչպիսի վերաբերմունք ունի այս կամ այն ուժի կամ գործչի հանդեպ: Հիմա իրենք հագել են ընդդիմության շապիկը, իրենց կամ իրենց համախոհներին պատկանող մեդիա ռեսուրսների եթերներում հանդես են գալիս Գեղամյանից, Արթուր Բաղդասարյանից կամ Արշակ Սադոյանից ավելի Գեղամյանի, Բաղդասարյանի կամ Սադոյանի կերպարում, նույնիսկ երբեմն փորձում են դուրս գալ եթերներից ու մարդկանց մոտ գնալ ու փոքր ցույցեր կամ պիկետներ անել, եւ հետո, երբ բախվում են հանրային արձագանքին, հայտարարում են, թե երկրում ատելության մթնոլորտ է: Ամեն ինչ հասկանում են, իրենց ասելով, բայց ամենակարեւոր բանը համառորեն չեն ցանկանում հասկանալ՝ որ մեկ տարի առաջ իրենք խմբովին մերժվել են, որ եթե հանրությունը դժգոհություններ ունի եւ ունենա իշխանություններից (իսկ որ ունի եւ դեռ ավելի շատ կունենա՝ տրամաբանական է), դա դեռ չի նշանակում, որ հանրությունը գնալու է իրենց դուռն ու հետ կանչի:

Նախկինները հենց տեսնում են, որ կառավարության կամ ԱԺ-ի այս կամ այն արածից կամ չարածից դժգոհություն են հնչեցնում, անմիջապես հայտնվում ու սկսում են ձայնակցել հանրությանը, ու դիմադրության հանդիպելով՝ դժգոհում են, չհասկանալով, որ եթե մարդիկ դժգոհում են, դա ամենեւին չի նշանակում, թե այդպիսով երազում են նախկինների վերադարձը: Հատկապես, որ այդ նախկինները, մերժվելով հանդերձ՝ այդպես էլ գոնե ձեւական առումով իրենց ոչ մի սխալ չընդունեցին, հանրությունից ներողություն չխնդրեցին:

Երեկ քաղաքացիների մեծ մասը ազատ ընտրություններով իշխանություն է ընտրել, այսօր կարող է գոհ չլիներ իր ընտրած իշխանությունից, վաղը՝ եթե այդ դժգոհությունն ավելի խորանա, կընտրի մեկ այլ իշխանություն, բայց այս շղթայի մեջ նախկինները տեղ չունեն, քանի դեռ ո՛չ դասեր են քաղել 2018-ի իրադարձություններից, ո՛չ վերափոխման փորձեր են անում, ո՛չ էլ անգամ մերժվելուց եւ իրենց ընդդիմություն հռչակելուց հետո փոփոխել են իրենց գործունեության մեթոդները՝ նախկինի պես բիրտ են եւ սպառնացող, հանությանը ծաղրող եւ հույսը միայն իրենց ֆինանսական ռեսուրսների զորության վրա դրած:

Պարգեւ Ապրեսյան