13.12.2019 12:30

ԱՄՆ Սենատը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց է Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը, «Ազատության» փոխանցմամբ, ընդգծում է` ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:

Այն նաեւ բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաեւ աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։ Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։

«Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին», - քվեարկությունից հետո հայտարարել է բանաձեւի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

«Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել», - իր հերթին հայտարարել է բանաձեւի համահեղինակ, հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, հիշեցնելով` մինչ այդ հանրապետական երեք սենատորներ մեկը մյուսի ետեւից արգելափակում էին նույն այդ փաստաթղթի ընդունումը` Սպիտակ տան խնդրանքով:

2019-ի հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

Պաշտոնական Երեւանն արդեն արձագանքել է Սենատի այս քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական իրադարձություն է համարել բանաձեւի ընդունումը։ 

Նա Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ օրենսդիրների այդ քայլը համարել է հարգանքի տուրք՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին եւ մեծ քայլ՝ կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ 

«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձեւն արդարության եւ ճշմարտության հաղթանակն է։ Աշխարհասփյուռ հայերի անունից հայտնում եմ մեր երախտիքը Սենատի այս նշանակալի որոշման համար»,- գրել է Փաշինյանը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձեւի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին եւ նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին եւ ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»:

Հայտարարությամբ է հանդես ելկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարեւորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին եւ բանաձեւը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսեւորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետեւանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։

Մենք ողջունում ենք նաեւ ազգային բոլոր մեր հաստատությունների եւ նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց Ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - նշել է նա: