16.12.2019 15:38

Լիզա Ճաղարյան. Դուք ո՛չ մի թալանչու պարտական չեք

Լիզա Ճաղարյան. Դուք ո՛չ մի թալանչու պարտական չեք

Շատ երկար ժամանակ չի անցել «մենաշնորհյալական» տարիներից, եւ հասարակության հիշողությունը, բարեբախտաբար, այդքան կարճ չէ, եւ բոլորս ենք հիշում, որ իր օրվա հացը մի կերպ վաստակող կամ չվաստակող Հայաստանի քաղաքացիներին զուգընթաց՝ մի խումբ մարդիկ հարստանում էին ամենակուլ արագությամբ ու ագահությամբ եւ իշխանություններին զանազան ծառայություններ մատուցելու համար՝ արտոնյալ պայմաններում։

Մենք էլ գիտեինք, ու դրա մասին բացեիբաց բարձրաձայնվում էր, որ սրանցից շատերը ո՛չ միայն մեր դժվարությամբ վաստակածն են թալանում, նաեւ զուգահեռաբար՝ այլեւայլ հանցագործություններ են կատարում ու անպատիժ մնում՝ իրենց նման կամ իրենցից ավելի ոճրագործ իշխանությունների եւ կամակատար «իրավապահ» կոչեցյալների հովանավորությամբ։

Որեւէ մեկը կհամարձակվի՞ պնդել, որ վերն ասվածը չափազանցություն է։

Դուք փորձեք, իսկ ես շարունակեմ։

Այս թալանչիների ու հանցագործների շարքերում, նույնիսկ ամենազարհուրելիների՝ չեք գտնի մեկի, որը երբեւէ, այսպես կոչված՝ «բարեգործություն» արած չլինի։

Բոլորս էլ գիտակցում էինք ու գիտակցում ենք, որ սրանց մեկնած օգնության ձեռքի մեջ մեզանից գողացածն է։ Բոլորս էլ հասկանում էինք ու հասկանում ենք, որ եթե սրանք այդպիսի լկտիությամբ չկողոպտեին մեզ, ապա Հայաստանում այդպիսի աղետալի չափերի չէին հասնի օգնություն ակնկալողները, եւ յուրաքանչյուրս մեզ պատուհասած անսպասելի հարվածներին կդիմակայեինք մեր իսկ հնարավորություններով, որովհետեւ ձրիակեր չենք, անճար չենք, անընդունակ չենք, չենք խուսափում աշխատանքից, չենք փախչում նույնիսկ ծանրագույն եւ մեզ «չսազական» տքնանքից։

...Միայն մեկ «արատ» ունեինք՝ չէինք գողանում։

Իսկ քանի որ չէինք գողանում, ուրեմն անելանելի վիճակում հայտնվելու դեպքում հայացքներս հառում էինք «ամենակարող աստվածներին»։

Եվ հիմա, երբ՝ լավ, թե վատ, ծուլորեն, թե հախուռն, նոր իշխանությունները փորձում են մեզանից թալանածը հետ բերել, փորձում են պատժել հանցագործներին, «պարզվում է»՝ սրանք բարեգործներ են, ոչ թե՝ թալանչիներ կամ մարդասպաններ։

Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, թե իսկական բարեգործն ինչպես է պահում իրեն ե՛ւ բարեգործություն անելիս, ե՛ւ դրանից հետո։ Նույնիսկ չեմ ուզում հիմնավորել հիմնավորվածը. սրանք բարեգործ չեն՝ ստրկացնողներ են։

Վստահ եմ, որ նույնի՛սկ քսան տարիների բարոյալքման պայմաններում եղել են բարեգործներ, որոնց մասին մենք չե՛նք էլ լսել եւ չենք էլ իմանա երբեւէ, որովհետեւ այս մարդիկ անձնական օգտագործման հեռուստաալիքներով եւ մեզ հայտնի «աչքաբաց» լրագրողների միջոցով թամաշաներ չեն բեմադրել իրենց «աստվածային» գործունեության մասին, իսկ ահա սրանք՝ դաժան ստրկատերերը, լպիրշ հետեւողականությամբ հասարակության հոգեխեղման «շինարարները», որոնց գլխին կախված է այսօր կամ վաղը դատարանի առջեւ կանգնելու ու պատասխան տալու անխուսափելի հեռանկարը, այս փոխված իրավիճակում նույնքան մեծ արհավիրք են, որքան՝ նախկինում։

Սրանք իրենց «բարեգործությունների» գինն են պահանջում։ Անուղղակիորեն, թե ուղղակիորեն՝ էական չէ։ Բարեգործի «լուսապսակով» զինված՝ կռիվ են տալիս մեր հիվանդ արդարադատության դեմ, իսկ արդարադատությունն էլ՝ քանի որ հիվանդ է, ծամածռվում է սրանց առաջ։

Մենք էլ... Մենք էլ՝ ի՞նչ. մեղքի զգացումից տառապում ենք մեր այն հարազատների առջեւ, որ երբեւէ ստիպված են եղել ընդունել սրանց «բարեգործությունը»։

Սիրելիներ եւ նույնիսկ չսիրելիներ, թոթափեք ձեր ուսերից «երախտագիտության» այդ որդնոտած բեռը։ Դուք ո՛չ մի թալանչու պարտական չեք։ Այդ, այսպես կոչված, բարեգործությունը ձեզանից թալանածն է, ձեր արդար վաստակն է, որ տարիներ շարունակ լկտիաբար խլել են ձեզանից, ձեր հարազատներից, ձեր հարեւաններից, ձեր զինվոր զավակներից։

Հակառակ  դեպքում՝ մենք այս պղտոր ջրապտույտից դուրս չենք գա։