17.12.2019 12:37

ԱԱԾ-ն Երեւանի նախկին քաղաքապետի մասնակցությամբ բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն Երեւանի նախկին քաղաքապետի մասնակցությամբ բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ից հայտնում են, որ կառույցն՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Խոսքը, փաստորեն Երեւանի նախկին քաղաքապետներից մեկի մասին է: Հիշեցնենք, որ մինչև 2009-ի մարտը Երեւանի քաղաքապետն էր Երվանդ Զախարյանը, 2009-ի մարտից՝ Գագիկ Բեգլարյանը: