17.12.2019 14:23

Ֆրանսիան Արգենտինային է արտահանձնել Մարիո Սանդովալին

Ֆրանսիան Արգենտինային է արտահանձնել Մարիո Սանդովալին

Ֆրանսիայի իշխանությունները արտահանձնել են արգենտինացի նախկին ոստիկան Մարիո Սանդովալին, որին Արգենտինայի իշխանությունները կասկածում են 1976-1983 թթ. ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններին առնչություն ունենալու մեջ:

Սանդովալին արդեն Փարիզից հասցրել են Բուենոս-Այրես:

Սանդովալը Ֆրանսիա է փախել 1985 թ. և տասներկու տարի անց ֆրանսիական քաղաքացիություն է ստացել: Արգենտինյան արդարադատությունը պահանջել է նրան հանձնել 1976 թ. ուսանող Էրնան Աբրիտայի անհետացման գործի կապակցությամբ: Սակայն քննիչները ենթադրում են, որ Սանդովալը կապ ունի սպանության, խոշտանգումների և մարդկանց անօրինական կերպով կալանքի տակ պահելու 500 դեպքերի հետ:

1976 թ. մարտի 24-ին Արգենտինայում իշխանության էր եկել գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի ղեկավարած խունտան: Խորհրդարանը լուծարվել էր, պարետային ժամ էր մտցվել, դադարեցվել էր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, և հալածանքներ էին սկսվել: Ընդդիմության դաժան ճնշման քաղաքականությունը «կեղտոտ պատերազմի» տխրահռչակ  համբավ էր ձեռք բերել, որի ընթացքում սպանվել կամ անհայտ կորել էին տասնյակ հազարավոր մարդիկ:

Փոխանցում է euronews-ը: