17.12.2019 15:43

Ինչու ԱԺ ընդդիմադիրները ՍԴ-ում ճգնաժամ չեն տեսնում

Ինչու ԱԺ ընդդիմադիրները ՍԴ-ում ճգնաժամ չեն տեսնում

Եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին լսես, ապա Հրայր Թովմասյանն իրենց աչքի լույսը չի, որ իրենք դեռ էէէէ՜ն գլխից, երբ Թովմասյանին ՍԴ նախագահ էին կարգում հանրապետականները, քննադատել են, ասել են, որ գործընթացը լեգիտիմ չէ, խնդրահարույց է, այս է, այն է: Մի խոսքով, իրենք որ քննադատում էին Թովմասյանի ընտրությունը, մյուսները ո՜ւր էին. գնացեք Կիեւ եւ հարցրեք, թե ինչպես էին խորհրդարանական ընդդիմադիրները պարսավում Հրայր Թովմասյանի ընտրությունը հեղափոխությունից առաջ: Բայց արի ու տես՝ հիմա, երբ այդ հարցը օրակարգում է, պարզվում է, կապ չունի՝ իշխանությունը որ կողմից ու ինչպես է փորձում լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Ընդդիմությունը դժգոհ է,  նա ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում: Դե չկա ու չկա, «նյետու»: Այսինքն՝ էն գլխից ասել են, որ ընտրությունը խնդրահարույց էր, այսինքն՝ բոլորից շուտ են տեսել խնդիրը, բայց խնդրի լուծման բոլոր առաջարկները մերժում են, իրենք էլ որեւէ լուծում չեն առաջարկում: Ու փաստացի՝ ստացվում է, որ խնդիր կա, բայց խնդիր չկա, այդ իսկ պատճառով էլ խնդիրի լուծման անհրաժեշտություն չկա, իսկ լուծման փորձերը ճնշումներ են ՍԴ-ի դեմ՝ ընդհանրապես, եւ Հրայր Թովմասյանի դեմ՝ մասնավորապես: 

Սա, մասնավորապես, ՍԴ անդամների վաղ կենսաթոշակներին վերաբերող օրինագծի մասին է, որով կառավարությունը, ըստ էության, պատվավոր հեռացման ճանապարհ է առաջարկում ՍԴ այն անդամներին, որոնք, գուցե նաեւ ոչ իրենց, այլ ավելի շատ՝ վերջին Սահմանադրության հեղինակների մեղքով, հայտնվել են անհարմար իրավիճակում: Բայց ընդդիմությունն այս օրինագծից էլ գոհ չէ՝ է՛լ աբսուրդ, է՛լ օրինական կաշառք, է՛լ փողի դիմաց բարոյականությունը վաճառելու առաջարկ, է՛լ չաշխատելու եւ փող ստանալու նախագիծ: Բանը հասավ անգամ աբսուրդի, թե՝ ՍԴ-ն ցանկանում են լուծարել, որ ապազգային կոնվենցիաներ եւ այլ փաստաթղթեր վավերացնելու համար նոր ՍԴ կազմ ձեւավորեն: Ընդ որում, եթե այս վերջին միտքն ասում են նախկինները, մեծ հաշվով՝ հասկանալի է նրանց քաղաքական շարժառիթը. նրանց շատ պետք է, որ Հրայր Թովմասյանը, որպես իրենց համար քաղաքականապես վստահելի մեկը, մնա ՍԴ-ում, որովհետեւ գուցե նրա օժանդակության կարիքն ունենան, ինչպես որ մեկ անգամ եղավ Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Բայց քանի որ այդպիսի բաները հրապարակավ խոստովանել չեն կարողանում, Թովմասյանի մնալը քարոզելու համար զարմանահրաշ դրդապատճառներ են հորինում, որոնք, բնականաբար, պետք է համեմված լինեն պաթոսով, շա՜տ պաթոսով:

Իսկ երբ նույն միտքն ասում են խորհրդարանական ընդդիմադիրները, որոնք մինչ այդ նշում են, որ Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամները իրենց աչքի լույսը չեն, որ դեռ էէէ՜ն գլխից են քննադատել Թովամսյանի ընտրությունը, անհասկանալի է մնում, թե որն է իրենց այս վարքի քաղաքական շարժառիթը: Ընդ որում, խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, թե կոնկրետ այս օրինագիծը լավն է, թե վատը: Հարցն այն է, որ եթե այն բովանդակային առումով վատն է, ապա իրենք կարող էին խնդիրը լուծելու իրենց նախագծերը բերել: Բայց չեն բերում: Ինչո՞ւ:

Իսկ իրական պատճառը, թերեւս այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ՝ նախկին իշխանությունների պես, ցանկանում է, որ Թովմասյանը եւ ՍԴ մյուս անդամները մնան ՍԴ-ում: Ինչի համար են այդպես ցանկանում՝ իրենք կիմանան: Ի վերջո, նրանք իրավունք ունեն նման բան ցանկանալ եւ անգամ հայտարարել: Խնդիրն այլ տեղ է. այդ ցանկությունը նրանք քողարկում են այլ հայտարարություններով, բաց չեն խոսում իրենց իրական ցանկությունների մասին: Եթե խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում է, իրենց բառերով ասած՝ «Թովմասյան ընդ Կո»-ին տեսնել ՍԴ-ում, պարսավելի չէ, պարզապես պետք է այդ մասին ազնվորեն հայտարարեն, ոչ թե, մի կողմից, հայտարարեն, թե իրենք էլ գոհ չեն ՍԴ կազմից, մյուս կողմից էլ՝ ամեն բան անեն ՍԴ այդ կազմը պահելու համար՝ հայտարարելով, թե ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ էլ չկա: Հենց սա է պատճառը, որ ՍԴ ճգնաժամը կարգավորելու համար իշխանությունը ինչ տեսակ նախագիծ էլ բերի, խորհրդարանական ընդդիմությունը մի «պատճառ ու սխալ» կգտնի, որ դրան չմիանա, որովհետեւ իրենց իրական նպատակներն այլ են՝ աջակցել Թովմասյանին՝ մնալու ՍԴ նախագահի պաշտոնում:

Պարգեւ Ապրեսյան