17.12.2019 16:13

Արսեն Գրիգորյան. Մրցակցային լեգիտիմության զոհերը

Արսեն Գրիգորյան. Մրցակցային լեգիտիմության զոհերը

Հետաքրքիր ժամանակներ են: Ընդդիմության գործունեությունը Հայաստանում մտահոգությունների տեղիք է տալիս: Երկու տարի առաջ այսպիսի նախադասությունը նույնիսկ ՀՀԿ-ական իշխանության մտքով չէր անցնի գրել:

«Լույս» խմբակցության որոշ ներկայացուցիչներ կարծես թե կորցրել են բանական խոսքի այն նվազագույն սանդղակը, որն իրեն կարող է թույլ տալ քննադատողը: Երեկ մենք սարսափելի բառապաշարի ականատես եղանք Երեւանի քաղաքապտարանի ավագանու նիստում: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետի վրա ծիծաղում էր նրա դերասանական կարիերայի ընթացքում մարմնավորած դերերի համար: «Կանացի շորերով Ձեր նկարները նայեք։ Խնդրում եմ չափներդ մի անցեք, և մի թույլ տվեք մեզ Ձեր ֆոնի վրա մենք էլ անցնեք մեր չափը»,-քաղաքապետին «տեղն է դնում» Թեհմինա Վարդանյանը:

Ես չգիտեմ, թե այսպիսի մտածողությունը քաղաքապետարան գործուղելով՝ ով ինչ հարց է փորձել լուծել: Ճիշտ այսպես մի քանի օր առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծիծաղում էր ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի վրա՝ վերջինիս կոշիկի պոկված տակացուի համար: Կարծես խոսքները մեկ են արել: Խոսքը ամենաէժան բանն է, երբ ոչնչի մասին է: Բայց նա դառնում է ամենաթանկը, երբ ըստ էության է: Քաղաքապետարանում ընդդիմադիր Թեհմինա Վարդանյանի խոսքը ոչնչի մասին է: «Լույսի» որոշ ընդդիմադիրներ այնպես են էժանացրել այդ խոսքը, որ իրականում վտանգում են իրենց վաղվա լուրջ խոսքը, եթե, իհարկե, կարողանան հասնել այդ օրվան:

Բայց այսօր այսպիսի խոսքով իրենք իրենց չեն վտանգում: Իրենք մեզ են վտանգի տակ դնում: Մեր խնդիրները մենք իրենց միջոցով պետք է հասցնեինք քաղաքային իշխանություններին: Իսկ այսօր դա արդեն հարցականի տակ է: Որովհետեւ եթե ես՝ շարքային քաղաքացիս, ամբիոն չունեցողս ընդդիմությանը լուրջ չեմ վերաբերվում, ու՞մ պիտի վստահեմ իմ խնդիրը: Ահա թե ինչ օրի է ինձ հասցնում, ասենք, Թեհմինա Վարդանյանը: Վաղը ես խնդիր եմ ունենալու: Իմ խնդիրները կրկնապատկվում են, երբ տեղեկանում եմ, որ խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահությունը, որը քննելու է քաղաքապետարանում արձանագրված կոռուպցիոն դեպքերը, որոնցից մեկն էլ նվիրատվություն ստացած աղբատարների ծագումնաբանությունը պարզելն է, վստահվել է խնդրի հետ քիչ առնչություն ունեցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամին:

Չէի ցանկանա մտածել, որ նոր Հայաստանում մենք ընդդիմության լուրջ դեֆիցիտ ունենք: Բայց նոր Հայաստանում մենք այդ դեֆիցիտն ունենք անկախ իմ մտավախությունից: Ու սրա պատճառը բացատրելի է: Ընդդիմությունը գիտի, թե ինչքան բարդ խնդրի առաջ է կանգնած ինքը: Իր խնդիրն է ունենալ մրցակցային լեգիտիմություն: Եվ այդ մրցակցային լեգիտիմության հանդեպ հիվանդագին սեւեռվածությունը նրանց դարձրել է իրենց մտածողության զոհը: Նրանք կորցրել են բովանդակությունը: Նրանք խուճապային ասելիքի մեջ են: Նրանք հիստերիան դարձրել են միակ բովանդակություն՝ մտածելով, որ ժողովրդի մի մեծ հատված միշտ էլ դրա երկրպագուն է եղել: Ու չկա մեկը այդ ճամբարից, ներառյալ արտախորհրդարանական «ընդդիմադիր» այլ ուժերից, որը կկարողանա կամ կուզենա նրանց ասել, որ՝ ոչ, ընկերներ, հիմա բովանդակության դեմ պետք է խոսել բովանդակությամբ: Մրցակցային լեգիտիմությունը մրցակցային բովանդակության մեջ է: Բայց ո՞վ պիտի ասի սա նրանց, ում իրենք էլ լուրջ վերաբերվեն անլրջության ավելցուկի պատճառով: