25.09.2012 15:25

Վրաստանի իշխանությունները «կոմպրոմատների պատերազմում» պատասխան քայլն են արել (տեսանյութ)

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն օրերս Մոսկվային մեղադրել էր «կոմպրոմատների պատերազմը» ֆինանսավորելու մեջ՝ նկատի ունենալով կալանավորների խոշտանգումների տեսագրությունների շուրջ ծագած  սկանդալը, պատասխան հարված է հասցրել իրեն վատաբանողներին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տեսանյութեր, որոնք վարկաբեկում են ընդդիմության ներկայացուցիչներին: Գործող իշխանության հակառակորդները պատասխանել են նույն կերպ, ինչպես նախկինում Սահակաշվիլին էր իրենց պատասխանել. տեսահոլովակները կեղծված են, հայտնում է apsny.ge-ն:

Վրաստանի ԱԳՆ-ն նախօրեին հաղորդել էր չորս հոգու, այդ թվում՝ ոստիկանության մի աշխատակցի ձերբակալության մասին, որոնք փորձել են կաշառել պաշտոնատար անձանց: Իրավապահների հայտարարության  համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները փորձել են կաշառք տալ մի ոստիկանի, որպեսզի վերջինս  քննչական մեկուսարանում գտնվող կալանավորի խոշտանգման նոր տեսանյութ տրամադրի իրենց:

Տեսագրություններից մեկում մի տղամարդ ոստիկանին փող է առաջարկում՝ ընդդիմադիր կալանավորի խոշտանգման տեսահոլովակի համար: Հարմար տեսանյութ չլինելու դեպքում պատվիրատուն պատրաստակամություն է հայտնում խոշտանգման նպատակով տրամադրել իր ակտիվիստներից մեկին: