18.12.2019 12:16

Մարտիմեկյան դատը ձգելու մարտավարությունը քաղաքական է

Մարտիմեկյան դատը ձգելու մարտավարությունը քաղաքական է

Երբ առաջին ագամ քննվում էր Ռոբերտ Քոչարյանի գործը` դատարանում, ամբողջ Հայաստանը «ականջի վրա էր»;

Հիմա շատերը չեն էլ հիշում, որ հերթական դատական նիստն է այս կամ այն օրը:

Առաջին նիստից անցել է գրեթե 1,5 տարի:

Բայց գործը դեռ բուն դատավարությանը չի էլ հասել, վկաները դեռ չեն գալիս, ցուցմունքներ դեռ չեն տալիս: Բայց արդեն 1,5 տարի միջնորդությունների վերաբերյալ դատեր են ընթանում միայն: Այդ դեպքում՝ ինչո՞ւ է այդպես:
Ակնհայտորեն՝ Քոչարյանի պաշտպանական թիմը ձգելու տակտիկա է ընտրել: Արդեն պարզ էր, ու բազմիցս նշվել էր, որ անմեղ մարդը առաջինն ինքը պիտի շահագրգիռ լիներ բուն դատաքննությանը անցնելու համար, որպեսզի ամբողջ աշխարհը համոզվեր, որ ինքն անմեղ է: Բայց Քոչարյանի թիմը հակառակն է անում, թեեւ իրենց այդ մարտավարությունը մամուլում հրապարակվելուց հետո պնդում են, թե իրականում իշխանություններն են, որ ձգում են պրոցեսը` խափանման միջոցը չփոխելով: Ինչեւէ: Սա էլ մարտավարություն է: Բայց ո՞րն է պատճառը, որ փաստաբանական թիմը հենց այս մարտավարությունն է ընտրել:

Թերեւս՝ պատճառը քաղաքական է, ավելի՛ քան քաղաքական:

Քոչարյանը բուն դատավարությունը ձգելու համար տարատեսակ միջնորդություններ ներկայացնելու մարտավարություն է որդեգրել մեկ այլ պատճառով, այն է` նիստերը ձգել այնքան, հանրության համար դարձնել անհետաքրքիր՝ այնքան, որ այդ ընթացքում ժամանակ շահի: Իսկ ինչի՞ համար պետք է շահի այդ ժամանակը: Ակնհայտորեն` քաղաքական վերադասավորումների համար: Ակնհայտ է, որ նրանց նպատակն այդ ձգված ժամանակում քաղաքական շահեկան այնպիսի դիրքեր ստանալն է, որ հնարավոր լինի թուլացնել ու ապա հեռացնել իշխանություններին, ինչից հետո սահմանադրական կարգի տապալման մեղադրաքը հօդս կցնդի:

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն այսքան փաստաբանների վարձել է եւ նրանց ծառայություններից օգտվում է զուտ ձեւի համար, առաջին պլանն ապահովելու համար, մինչեւ որ նրանց ձգձգելու պրոցեսին զուգահեռ՝ քաղաքական կուլիսներում ինքը որոշակի գործողություններ հասցնի անել կամ, մեղմ ասած` փոխել քաղաքական դասավորությունները՝ ի նպաստ իրեն:

Սա է իրական նպատակը, ու հենց սրա վրա իշխանությունները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն: Քոչարյանն ակնհայտորեն պայքարում է, եւ պայքարում է իրեն հատուկ ու սովորական միջոցներով եւ մեթոդներով:

Իշխանութունների առաջնային խնդիրն այն է, որ թույլ չտան վերջինիս իրագործել այս պլանը, մարտիմեկյան դատավարությունը, թեկուզեւ կիրթ փաստաբանական թիմի ջանքերով, չպետք է վերածվի շարքային, սովորական եւ ինքնին՝ պակաս ուշադրության արժանացող դատավարության:

Իշխանությունները պետք է հասկանան, որ սա ոչ միայն դատավարության հարցն է, այլեւ` իրենց լինել-չլինելու, Հայաստանում քաղաքական դասավորվածությունները փոխելու հարց է: Եւ եթե նրանք թույլ տան Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմին առաջ մղել այս մարտավարությունն ու առաջ տանել այն, ապա վաղը թող չզարմանան, եթե մեկ էլ ու հանկարծ սասանվի իրենց քաղաքական իշխանությունը, որը նրանք ստացել են անցած  տարի կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում, և որը չի վիճարկել դրանցում մասնակցած քաղաքական ուժերից եւ ոչ մեկը:

Պարգեւ Ապրեսյան