18.12.2019 11:25

Հռոմի պապը չեղարկել է «պապական գաղտնիքը» մանկապիղծ հոգևորականների գործերով

Հռոմի պապը չեղարկել է «պապական գաղտնիքը» մանկապիղծ հոգևորականների գործերով

Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ «պապական գաղտնիքի» կանոնն այլևս չի կիրառվի երեխաների հանդեպ սեռական հանցագործությունների վերաբերյալ գործերի նկատմամբ:

Նման հանցագործությունները, որ կատարվել են եկեղեցու սպասավորների կողմից, կաթոլիկ եկեղեցին մինչ օրս հետաքննում էր բացարձակ գաղտնիության ռեժիմով՝ հայտարարելով, որ ցանկանում է պաշտպանել զոհերի անձնական կյանքը և մեղադրյալների հեղինակությունը:

Սակայն պապական նոր փաստաթղթերում, որ հրապարակվել են երեքշաբթի, նման միջոցառումները չեղարկվում են նրանց նկատմամբ, ովքեր տեղեկացնում են հանցագործության մասին կամ հայտարարում, որ նման հանցագործության զոհ են դարձել:

Հռոմի պապը կարգադրել է Վատիկանի պաշտոնատար անձանց՝ նման դեպքերում հետևել աշխարհիկ օրենքներին և համագործակցել ոստիկանության հետ՝ դրանք բացահայտելու համար:

Վատիկանի՝ սեռական հանցագործությունների հետաքննության հարցերով առաջատար քննիչ,Մալթայի  արքեպիսկոպոս Չարլզ Սցիկլունան պապի այս որոշումն անվանել է դարակազմիկ:

«Պապական գաղտնիքը» հոգևորականների սեռական հանցագործությունների վերաբերյալ ներմուծել է Բենեդիկտոս XVI պապը 2001 թ.: Նա պնդում էր, որ այդ գաղտնիությունն անհրաժեշտ է զոհի անձնական կյանքը, մեղադրյալի հեղինակությունը և կանոնական գործընթացի ամբողջականությունը պաշտպանելու համար:

Փոխանցում է BBC-ն: