20.12.2019 13:55

Ալժիրը նոր նախագահ ունի

Ալժիրը նոր նախագահ ունի

Ալժիրում տեղի է ունեցել նոր նախագահի՝ Աբդելմաջիդ Տեբբունի երդմնակալության արարողությունը:

Մինչ այդ Ալժիրը 8 ամիս ապրում էր առանց նախագահի: Գարնանը տեղի ունեցած հզոր հանրահավաքների արդյունքում Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական տվեց, թեպետ, չնայած տարիքին՝ անփոխարինելի էր թվում:

Նոր նախագահը նույնպես երիտասարդ չէ՝ նա 74 տարեկան է: Նրա ուսերին կառավարությունում երկարամյա աշխատանքի փորձ կա, 2017 թ. նա նույնիսկ նշանակվել էր վարչապետ, սակայն այդ պաշտոնում երեք ամիս էլ չդիմացավ: Ալժիրյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա ազատվել էր այն պատճառով, որ հանձնարարել էր հետաքննել այն գործարարների կոռուպցիոն սխեմաները, ովքեր մոտ էին Բուտեֆլիկայի իշխող կլանի հետ:

Կոռուպցիայի դեմ պայքարը Տեբբունի նախընտրական խոստումներից մեկն էր նաև վերջերս կայացած նախագահական ընտրություններում, որոնց արդյունքներով նա ստացել է 58,13% ձայն: Ընդ որում՝ հարկ է նշել, որ Տեբբունի որդիներից մեկը անցյալ տարվանից կալանքի տակ է փողերի լվացման գործով: Ուստի պատահական չէ, որ նոր նախագահի երդմնակալության օրն էլ Ալժիրում շարունակվել են բողոքի ակցիաները: Ընդդիմության կարծիքով՝ Տեբբունն ինքը այն հին վերնախավի ներկայացուցիչն է, որը 20 տարի շարունակ թույլ չի տվել, որ Ալժիրը զարգանա դեմոկրատական ճանապարհով:

Փոխանցում է euronews-ը: