20.12.2019 15:11

Լիզա Ճաղարյան. Առանց տեսանյութի էլ գիտենք, թե ինչ «արժանիք» ունի Քոչարյանը

Լիզա Ճաղարյան. Առանց տեսանյութի էլ գիտենք, թե ինչ «արժանիք» ունի Քոչարյանը

Բեմադրությու՞ն, թե իրականություն է «առուծախի» այն տեսանյութը, որ երեկ ռումբի պես պայթեց սոցցանցերում, պարզելը դժվար բան չէ տեխնիկայի այս հզոր դարում։ Եթե չասեմ՝ ծիծաղելիորեն հեշտ է։

Իշխանությունը «բեմադրել է» էս տեսանյութը, որ դատավորի վրա ճնշու՞մ գործադրի, ինչպես պնդում են քոչարյանականները։ Դե ոչի՛նչ՝ աշխարհը չի փլվի. գլխավոր ամբաստանյալն ասել է, չէ՞, որ հանուն հայրենիքի պատրաստ է նստել ու նստել բանտախցում։ Մանավանդ որ, ինչպես ինքն ու իր աջակիցներն են օրուգիշեր սպառնում՝ հենց դուրս գա, հերթով բոլորի հարցերը լուծելու է իրեն հոգեհարազատ եւ հանրությանը քաջածանոթ մեթոդներով։

Էլ չասեմ, որ ավելի լավ, եթե պարզվի՝ բեմադրություն է։

Պարոնայք փաստաբանների առջեւ ինքնաբացարկների եւ զանազան-զարմանազան այլեւայլ պահանջների անվերջանալի շարան ներկայացնելու առավե՛լ պայծառ ու լայնարձակ հեռանկար կբացվի, անհեթեթ պահանջներով իրենք իրենց այլեւս անհարմար ու զավեշտալի վիճակի մեջ չեն դնի, եւ բուն դատավարությունը կրկին յոթ սարուձորից էլ դենը տանելու գերխնդիրը կրկին կդառնա դրության տերը։

Այնպես որ, կարծես թե կապտել-կանաչելու պատճառ չկա։ Հակառակը՝ Քոչարյանի աջակիցները պետք է որ երախտապարտ լինեն իշխանությանը, որ այդ «բեմադրությամբ» երկարաձգելու են ամբաստանյալի փաստաբանական զորաբանակի եւ մի խումբ աջակիցների բոցաշունչ թամաշաները, եւ բուն դատավարության հաստափոր թղթապանակների վրա շարունակելու է նստել փրկարար փոշին։

Սակայն, վերը նկարագրված հեռանկարն ակնհայտորեն չի ոգեւորել այս մարդկանց. որքան էլ զարմանալի է՝ ե՛ւ կապտել են, ե՛ւ կանաչել են։

Ինչու՞։

Որովհետեւ, ինչպես ինքս եմ վստահ եւ հայաստանյան գրեթե ողջ հանրությունը, քոչարյանականներն էլ նույնքան եւ մեզանից ավելի վստահ են, որ քննարկվող տեսանյութը բեմադրություն չէ։

Որովհետեւ մեզանից լավ գիտեն, թե միլիարդների կարողություն դիզած ամբաստանյալին իր ո՛ր «արժանիքով» է հաջողվել շուրջը հավաքել մի քանի վարկաբեկված քաղաքական գործիչների եւ մի քանի տասնյակ «ռոբապաշտների», եւ որ՝ Քոչարյանի մարդաորսի այս «ձեռագիրը» հայաստանցիներին քաջածանոթ է նրա իշխանության տարիներից սկսած։

Այնչա՛փ քաջածանոթ է, որ եթե նույնիսկ հրաշք պատահի, եւ իրոք պարզվի՝ տեսանյութը կեղծ է, միեւնույն է, ի դժբախտություն գլխավոր մեղադրյալի եւ նրա խմբակի՝ հանրությունը չի հավատալու։

Եվ դրա գլխավոր եւ հիմնական մեղավորը միմիայն թալանած փողի ուժով աջակիցներ որսացող ամբաստանյալն է։

Մեղավորը մեղավոր է, բայց իրեն էլ կարելի է հասկանալ՝ ինչ ունի, դա՛ էլ առուծախի առարկա է դարձրել։

Եթե, փողից բացի, այլ «արժանիքներ» նույնպես ունենար, պարզ է, չէ՞, որ բանտախցի ներքնակի տակ պինդ-պինդ չէր պահի։

Եվ վերջապես, հայտնի ֆիլմի կոստյումի հանգույն՝ այդ տեսանյու՞թը «պետք է զարդարի» Քոչարյան Ռոբերտի հայաստանյան «արեւաճաճանչափայլ» կենսագրությունը։