22.12.2019 23:01

«Լացիոն» հաղթեց «Յուվենտուսին» եւ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը (տեսանյութ)

«Լացիոն» հաղթեց «Յուվենտուսին» եւ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը (տեսանյութ)

Իտալիայի գավաթակիր Հռոմի «Լացիոն» նվաճեց Իտալիայի սուպերգավաթը՝ 3։1 հաշվով պարտության մատնելով չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»։

Հանդիպումը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։ Առաջին հաջողության հասավ «Լացիոն» իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի գոլի շնորհիվ։ Մինչեւ ընդմիջում թուրինյան թիմը վերականգնեց հավասարութունը։ Աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ Սակայն վերջնամասում հռոմեական ակումբը կորզեց հաղթանակ։ Բոսնիացի կիսապաշտպան Սենադ Լուլիչը գրավեց լեհ Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը։ Իսկ ավելացված չորրորդ րոպեին հաշիվը 3։1 դարձրեց իտալացի կիսապաշտպան Դանիլո Կատալդին։

«Լացիոն» 5-րդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր։

Իտալիայի սուպերգավաթ

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 1։3 

Պաուլո Դիբալա, 45 - Լուիս Ալբերտո, 16, Սենադ Լուլիչ, 73, Դանիլո Կատալդի, 90+4

Հեռացում՝ Ռոդրիգո Բենտանկուր («Յուվենտուս»), 90+3, երկրորդ դեղին քարտ