23.12.2019 11:54

Փարիզի Աստվածամոր տաճարում, 200 տարվա մեջ՝ առաջին անգամ, Ծննդյան պատարագ չի տրվի

Փարիզի Աստվածամոր տաճարում, 200 տարվա մեջ՝ առաջին անգամ, Ծննդյան պատարագ չի տրվի

200 տարուց ի վեր առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում Ծննդյան տոների ժամերգություն չի կատարվի: Շենքում շարունակվում են վերականգնողական աշխատանքները ահռելի հրդեհից հետո, որի հետևանքով փլվել էին տաճարի տանիքն ու սրաձողը:

Ծննդյան տոների գլխավոր պատարագը դեկտեմբերի 25-ի գիշերը կկատարվի Սեն-Ժերմեն-լ’Օսեռուա եկեղեցում: Դա միջնադարյան տաճար է Լուվրի հրապարակում, որ միապետության ժամանակաշրջանում սպասարկել է Լուվրի բնակիչներին:

Նոտր-Դամում հրդեհը բռնկվել է այս տարվա ապրիլին: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ծրագրի համաձայն՝ տաճարը վերականգնվելու է հինգ տարում: Հոկտեմբերին Ֆրանսիայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքների համար հատկացվել է մեկ միլիարդ եվրո, այդ գումարի մի մասը հանգանակվել է մասնավոր անձանց ու ընկերությունների նվիրատվություններով:

2013 թ. Փարիզի Աստվածամոր տաճարը նշել է իր 850-ամյակը: Այն համարվում է գոթական ճարտարապետության մարգարիտներից մեկը և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Փոխանցում է BBC-ն: