23.12.2019 12:40

Բրիտանացի աղջկա գնած բացիկում ուղերձ է եղել չինական բանտից

Բրիտանացի աղջկա գնած բացիկում ուղերձ է եղել չինական բանտից

Բրիտանական Tesco սուպերմարկետների ցանցը դադարեցրել է համագործակցությունը Չինաստանի ամանորյա բացիկներ արտադրող մի գործարանի հետ՝ կասկածանքով, որ այդ գործարանում կալանավորների ստրկական աշխատանքն են օգտագործում:

Ֆլորենս Ուիդդիքոմը տանը բացել էր իր գնած բացիկների փաթեթը, և փիսիկի պատկերով բացիկներից մեկում հետևյալ գրությունն էր եղել. «Մենք օտարերկրյա կալանավորներ ենք Շանհայում չինական Ցինպու բանտում: Մեզ ստիպում են աշխատել մեր կամքին հակառակ: Օգնեցեք մեզ և տեղեկացրեք իրավապաշտպան կազմակերպություններին»:

Աղջկա ծնողները կապվել են Ցինպու բանտի նախկին կալանավորների, այդ թվում՝ շինծու մեղադրանքներով, առանց դատարանի որոշման այդ բանտում կալանքը կրած լրագրող Փիթեր Համֆրիի հետ, և նրանք հաստատել են, որ այդ բանտում կիրառվում է կալանավորների հարկադիր աշխատանքը տարբեր ձեռնարկությունների հավաքման և փաթեթավորման բաժիններում:

Սա առաջին դեպքը չէ, երբ չինական ապրանքների հետ նաև Արևմուտք են սպրդում դրանք արտադրող կալանավորների ուղերձները: Օրինակ՝ 2012 թ. Օրեգոն նահանգի մի բնակիչ Հելոուինի զարդերի արկղիկում նույնպես չինացի կալանավորի նամակ էր գտել, որում վերջինս նկարագրում էր խոշտանգումներն ու հալածանքները, որոնց ենթարկվում են կալանավորները:

Փոխանցում է BBC-ն: