23.12.2019 16:45

Աջակցից հրաժարվելու նուրբ արվեստը

Աջակցից հրաժարվելու նուրբ արվեստը

Ռոբերտ Քոչարյանի արդեն հայտնի աջակցի պատմությունը, որին ոստիկանությունն օրերս ձերբակալել էր՝ Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի ցուցմունքների վրա ներազդելու համար, ուշագրավ արձագանքների է արժանացել հենց Քոչարյանի թիմի կողմից:

Ոստիկանության օպերատիվ տեսանյութի հրապարակումից շատ կարճ ժամանակ անց Թիվի 5-ին օպերատիվ հարցազրույց տվեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը եւ փաստացի հայտարարեց, որ տեսանյութը շինծու է, այն ակնհայտորեն հեղինակել են իշխանությունները՝ խորհրդակցական սենյակում գտնվող դատավորի վրա ճնշում գործադրելու համար: Այս վարկածը նրանք շրջանառեցին հետո էլ՝ փորձելով  տպավորություն ստեղծել, թե տեսանյութի հերոսը ոչ մի աջակից էլ չէ, այլ իշխանության բեմադրած ներկայացման դերասան:

Բայց դա մինչեւ այն պահը, երբ հենց ինքը՝ աջակիցը, հարցազրույց տվեց եւ հայտարարեց, որ տեսանյութի հերոսն ինքն է, որ կա, այո, ինքը «մեծարգո Ռոբերտ Սեդրակովիչի» համակիրն է, եղել է միշտ, ի սկզբանե, չի մասնակցել հեղափոխությանը, դեմ է եղել հեղափոխությանը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բուն տեսանյութի բովանդակության մասին կցկտուր մեկնաբանություններ տվեց, բայց ամենակարեւորը՝ մինչեւ վերջին պահը պնդում էր, որ ինքը «մեծարգո երկրորդ նախագահի» աջակիցն է: Ապա համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ անձնավորությունը նստած է Քոչարյանի գործով դատական նիստերի ժամանակ՝ Քոչարյանի աջակիցների հատվածում: Ահա այդ ժամանակ էլ Քոչարյանին աջակցողները մեկ այլ վարկած առաջ քաշեցին, թե նա իրականում ներդրված աջակից է, իշխանությունները ներդրել են նրան՝ իրենց աջակիցների մեջ (դե էնքան մարդ է, ասում են՝ գնում-գալիս, չեն կարող հետեւել, թե ով՝ ով է), եւ ապա հարմար պահին, այսպես ասած, «պայթեցրել են իրենց ներդրված ականը»: Կարճ ասած՝ նրանք հրաժարվում են այդ անձից: Իհարկե, հիմա այդ անձի խնդիրն է արդեն մտածել, թե ում է ինքը աջակցել, որը փաստացի այսօր հրաժարվում է իրենից: Գուցե հոգեբանական դիսկոմֆորտ զգա, գուցե համարի, որ այդպես է պետք, ինքը բացահայտվելուց հետո կամիկաձեի կարգավիճակում է հայտնվել, եւ ինքնակամ կգնա «ինքնազոհման»:

Հարցն այլ հարթության մեջ է. ակնհայտ է, որ ոչ մի աջակից (այն էլ այնպիսին, որը գրասենյակ ու զենք պահելու ռեսուրսներ ու կարողություն ունի) ինքնագլուխ չէր գնա նման քայլի: Եթե աջակիցները հստակ իմանային, որ քոչարյանական թիմի համար այդ մեթոդներն անընդունելի են, եւ որ նման քայլով միայն կարող էր վնասել նրանց ռազմավարությանը կամ մարտավարությանը, չէր համարձակվի մտքով անգամ անցկացնել նման հանդիպումներ կամ խոսակցություններ ունենալ, առավելեւս՝ հայտարարել, թե մենք հեղաշրջում կանենք, կգանք դիրքի ու պաշտոններ «կբաժանենք»: Նույնիսկ ինքնագործունեությունն այդ պարագայում ակնհայտորեն կարող է տեղ ունենալ, եթե թիմի ներսում եղել են որոշակի խոսակցություններ: Այնպես որ, ներդրված աջակցի, բեմադրված աջակցի, կամ, առավելեւս՝ միամիտ աջակցի ինքնագործունեության մասին պնդումները միայն պատրվակներ են՝ «բացահայտված» աջակցից հրաժարվելու եւ դիստանցվելու համար: Սա է:

Պարգեւ Ապրեսյան