24.12.2019 12:49

Արսեն Գրիգորյան.Կյանքի հետ անհամատեղելի հրեշտակների մահվան հրեշտակը

Արսեն Գրիգորյան.Կյանքի հետ անհամատեղելի հրեշտակների մահվան հրեշտակը

Երեխան միայն սրբություն չէ, այլ նաեւ՝ ապրանք։ Գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն, ըստ մեղադրանքի, երեխաներին ընկալել է ոչ որպես կյանքի շարժական ուժ, սերը մեր մեջ թարմ պահելու ազդակ, երջանկության շոշափելի աշխարհ։

Ռազմիկ Աբրահամյանը երեխայի մեջ «տեսել» է ավելին։ Մայրերն ի՞նչ են հասկանում երեխայից, եթե կարելի է նրան վաճառել։ Պատկերացրեք, ծնվում է մի իսկական հրեշտակ, եւ հանկարծ տեղեկանում ես դու՝ մայրդ, որ ծնածդ ի՞նչ է, մի մսագունդ, որն էսօր-էգուց մեռնելու է, քեզ պե՞տք է էդ կիսադիակին պահել մոտդ, թող հիվանդանոցում, դու գնա «արտադրիր» հաջորդին, եթե բախտդ բերի, կծնվի լիարժեք երեխա։ Ահա թե ինչ ճանապարհով էր մայր դառնում... մայրը։ Ահա այսպիսի Հայաստանում ենք ապրել, ընկերներ։ Եվ դուք կարծում եք, որ ոչ ոք այս մասին ոչինչ չի՞ իմացել։ Թերեւս միայն մայրերին է տանջել հարցը, իսկ այդ ինչպե՞ս հանկարծ առողջ լինելու բոլոր նշաններով ծնարանի օրինական սեղանին ծնված երեխան դարձավ կյանքի հետ անհամատեղելի։

Այս դեպքի բացահայտումը հեղափոխության անկասկած գլխավոր նվաճումն է։ Որովհետեւ այս դեպքը հայրերի, մայրերի եւ պապերի գրոհն է որդիների, դուստրերի եւ թոռների վրա։ Մարդիկ կենդանի միս են ծախել։ Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել այդ երեխաների հետ վաճառվելուց հետո։ Այս մասին հաստատապես իմացել են իրավապահները, թեպետ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը դեռ պաշտոնավարման օրոք նման բան չէր լսել։

Տոտալիտարիզմը սարսափելի է հենց այն պատճառով, որ համահարթեցնում է անբարոյականությունն ու սերը։ Ասենք, երեխայի ծնվելը սերն է, նրան վաճառելը՝ անբարոյականությունը։ Երկուսն էլ տոտալիտարիզմի ժամանակ օրինաչափ, անքննելի եւ օրենքին չվերաբերող բաներ են։ Եթե դա իրենց չի վտանգում, եւ եթե դրանից կարելի է շահել, փողին մուննաթ։ Ու այդ համակարգում, որը պատրաստ էր ծախել ամեն ինչ՝ հայրենիքից մինչեւ երեխա, Ռազմիկ Աբրահամյանի նման մեկը պիտի ծաղկեր ու բարգավաճեր:

Եվ պատկերացրեք, թե ինչ գումարներ է նա բաշխել աջ ու ձախ՝ այս գրեթե օրինականացված բիզնեսից, որը, բնականաբար, անհարկելի էր։ Եվ այսպես դեռ երկար էր շարունակվելու։ Մինչեւ ինչ-որ կին հենց հանրապետական հիվանդանոցում չպահանջեր իր երեխայի դիակը։ Իսկ, պարզվում է, երեխաների դիակները մայրերի համար չեն։ Որովհետեւ այդ երեխաները շատ կենսական օրգաններ են ունեցել, այդ երեխաները շատ կենդանի աչքեր են ունեցել։

Ինչ-որ իտալացիներ, դեռեւս մեզ անհայտ իրավիճակում, հայ երեխաների «ծարավ» են ունեցել։ Պատկերացրեք, ինչ-որ մի տեղ, գուցե Մոդենայում հենց հիմա թռվռում է մի մանչուկ, որի մայրը նույնիսկ նրա գերեզմանի տեղը չգիտի։ Կամ գուցե երեխան իսկապես չկա, իսկ նրա սիրտը հիմա բաբախում է «փողին մուննաթ» մենթալիտետի եւ Պավարոտիի լիրիկական տենորի արանքում կյանքի գինը ճանաչած մի միլիոնատիրոջ որդու կրծքում։ Անկասկած՝ Ռազմիկ Աբրահամյանը եւ նրա գործակիցները նայել են եւ երեխայի աչքերի մեջ, եւ նրա մոր։ Մինչդեռ մայրը գործարան է, իսկ երեխան՝ ապրանք։ Գործարանը հեղինակային իրավունք չունի, նրա գործը ապրանքը «ծնել» ու ցրելն է։

Չէ, շատ խորանալ պետք չէ։ Բավարարվենք նրանով, որ երեխաների մի մասն առնվազն ապրում է։ Եթե, իհարկե, մի երեքամյա Ջուզեպպե հիմա չի պառկում վիրահատական սեղանին, որպեսզի իր լյարդը զոհաբերի «փողին մուննաթ» մենթալիտետի եւ Պավարոտիի լիրիկական տենորի արանքում կյանքի գինը ճանաչած մի միլիոնատիրոջ որդուն։ Իսկ դուք ասում եք, թե քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ ենք։