24.12.2019 05:25

ՄԱԿ. «Հաշոգիի գործով դատավճիռը հակասում է արդարադատությանը»

ՄԱԿ. «Հաշոգիի գործով  դատավճիռը հակասում է արդարադատությանը»

Արաբական թագավորության դատարանի կողմից արձակված մահվան դատավճիռը լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունն իրականացրած անձանց նկատմամբ հակասում է արդարադատությանը, քանի որ հանցագործության կազմակերպիչները շարունակում են ազատության մեջ մնալ:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում արտադատական պատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալլամարը: Նա շեշտել է, որ կազմակերպիչների հարցը չի շոշափվել ո՛չ հետաքննության և ո՛չ էլ դատաքննության ընթացքում:

Կալլամարի հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է կես տարի առաջ, ընդգծվում է, որ այդ սպանությունը ոչ այլ ինչ է, քան պատվիրված «արտադատական հաշվեհարդար», որի պատասխանատվությունը կրում է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգը:

Քանի որ հանցագործությունը կատարվել է Թուրքիայում, պաշտոնական Անկարան արձակված դատավճիռն անվանել է «ակնկալիքներին չհամապատասխանող» և ընդգծել, որ շատ հարցեր անպատասխան են մնացել:

Հենց ամենասկզբից Թուրքիայի իշխանությունները սաուդցի գլխավոր հյուպատոսին համարել են հաշվեհարդարին մասնակից, մինչդեռ հյուպատոսն ազատվել է կալանքից:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ արդար դատավարության մասին խոսք անգամ չի կարող լինել, կարևոր է եղել հավանական վկաներին հարկադրել, որ նրանք լռեն: Այդ մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Փոխանցում է euronews-ը: