26.12.2019 09:03

Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Հայտնի է 2019թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը: Ավարտվեց ՀԿԳՄՍ նախարարության անցկացրած քվեարկությունը: Մարզիչների, մարզական լրագրողների եւ sms քվեարկության արդյունքներով լավագույն մարզիկներն են.

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)-  Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն) – Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն

Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Տիգրան Կիրակոսյան (սամբո) – Եվրոպական խաղերի չեմպիոն

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)- Եվրոպայի չեմպիոն

Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։

Քվեարկության արդյունքները հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, լավագույն տասնյակի հերթականություն չկա, քանի որ ընտրվել են տարվա 10 լավագույն մարզիկները։ Նա պատահականության արդյունքում կարդաց բարձր միավորներ հավաքած 10 մարզիկների անունները։ Նախարարը հայտարարեց նաեւ 10 լավագույն մարզիկների մեծարման երեկոն տեղի կունենա հունվար ամսին։

Լավագույն տասնյակից դուրս մնացին Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը։

Թեկնածուները 25-ն էին։ Ընդգրկված էին մրցաշրջան-2019-ում բարձր արդյունքներ գրանցած 25 մարզիկների անուններ, որոնք լավագույնս էին հանդես եկել եւ մեդալներ նվաճել:

Լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում ընդհանրապես տեղ չէին գտել շախմատի Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Զավեն Անդրիասյանը:

Նշենք, որ 10 լավագույն մարզիկների քվեարկության միավորները չհրապարակվեցին։ Սիմոն Մարտիրոսյանը միավորների քանակով առաջատարն էր մարզիչ-մասնագետների եւ մարզական լրագրողների տասնյակում։

Ի դեպ, լավագույն տասնյակի քվեարկության օրը Փաշիկ Ալավերդյանը հայտնեց, որ Սիմոն Մարտիրոսյանը հռչակվելու է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն։