26.12.2019 13:11

Քոչարյանի աջակիցների անտեսանելի բանակը

Քոչարյանի աջակիցների անտեսանելի բանակը

Քոչարյանական քարոզչությունը անընդհատ փորձում է ներկայացնել, թե վերջինս ունի աջակիցների մեծ բանակ:Բայց, ահա, թե ուր է այդ բանակը, բացի մի քանի «հայտնի» անձանցից՝ չենք հասկանում: Որովհետեւ չեն երեւում:

Ստորագրահավաքներ են հրապարակում, որոնցից կարճ ժամանակ անց մի մասը հրաժարվում է, ցույցեր են անում, որոնց մասնակցում են նույն «մի բուռ» մարդիկ:

Բայց զուագհեռ հայտարարում են, թե, ահա, հարյուր, հազար, տասը հազար, վաթսուն հազար ստորագրություն ենք հավաքել, ու բոլորը ցանկանում են, չէ, պահաջում են, որ Քոչարյանը, որպես «հերոս», լինի ազատության մեջ:

Երեկ էլ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հերթական անգամ այդ հարցին անդրադարձավ` հայտարարելով, թե «օրերս կոտրվեց ամենամեծ առասպելը, որ տարբեր քաղաքական ուժեր, որոնցից ամենավառ ներկայացուցիչը այսօր ղեկավարում է Հայաստանը, սփռում էին մեր հասարակության մեջ այն մասին, որ նախագահ Քոչարյանը չունի հանրային աջակցություն», եւ ապա նշել էր, թե «գուցե մենք լավ հռետորներ չենք, գուցե միտինգներ կազմակերպել չգիտենք, գուցե մենք ասֆալտին պառկել չգիտենք, ավտոբուսի տակ ընկել չգիտենք, այո, չգիտենք, բայց նախագահ Քոչարյանի աջակիցը գուցե այլ կերպար ունի, քան կարող ենք պատկերացնել. դա մեծապես աշխատասեր, իր աշխատանքում նշանակալի հաջողությունների հասած, Ռոբերտ Քոչարյանի պես՝ գովազդվել չսիրող, սկզբունքային մարդիկ են»:

Այսինքն, այս մարդիկ տեւական ժամանակ միայն մի բանով են զբաղված. ցույց տալ, որ Քոչարյանը աջակիցներ ունի: Իրակա՛ն աջակիցներ, շա՛տ աջակիցներ, իրական ու շա՛տ աջակիցներ: Լավ, ենթադրենք: Բա ո՞ւր են նրանք:

Պարզվում է` նրանք համեստ մարդիկ են, գովազդվել չեն սիրում, ստորագրում են, բայց առաջին պլան չեն գալիս, ցույցերին չեն մասնակցում, որովհետեւ համեստ են ու, դե արդեն հասկացանք` գովազդվել չեն սիրում, ու այդպես թողնում են, որ իրենց «հերոսը» հերթական ամիսը կամ տարին անցկացնի կալանավայրում, որովհետեւ համեստ են, գովազդվել չեն սիրում, չեն ցանկանում երեւալ:

Ու ոչինչ, որ Քոչարյանի ձերբակալության առաջին իսկ օրերին նրա համար ցույցեր անող մի քանի տասնակ հոգին (մի քանի տասնյա՛կ, նախկին նախագահի՛, հսկայական կապեր ու ռեսուրսներ ունեցո՛ղ նախագահի) հայտարարում էին, թե էլի մարդիկ կան, որ ցանկանում են գալ, մասնակցել ցույցին ու աջակցել Քոչարյանին, բայց վախենում են հարեւանների պարսավանքին արժանանալ:

Ու ոչինչ, որ ինքը Քոչարյանը, վերջին հարցազրույցում իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին խոսելով` հայտարարում էր, թե «չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների եւ պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել»:

Այսինքն, մի կողմից՝ իրենք խոստովանում են, որ կա հանրային, մեղմ ասած, վատ վերաբերմունք Քոչարյանի հանդեպ, մյուս կողմից՝ հայտարարում են, թե դա մանիպուլյացիայի արդյունք է (այսինքն՝ մի 20 տարի մարդկանց մանիպուլացրել են), էն մյուս կողմից էլ նշում են, թե Քոչարյանը լիքը, բազմաբյուր աջակիցներ ունի, որոնք գոյություն ունեն, բայց հրապարակային հանդես չեն գալիս (հրապարակային, հիշեցնենք, մի քանի տասնյակ են հանդես գալիս), որովհետեւ համեստ են, չեն սիրում գովազդվել: Բայց նրանք,- մեզ են սարսափեցնում,- կան:

Բայց դե, ախր, եթե նրանք կան, թող խոսեն, թող գան առաջին պլան, թող ցույցեր անեն, ի վերջո՝ ամոթ բան չէ, եթե մարդիկ գաղափարապես մեկին համակրում են ու հրապարակավ աջակցում են նրան:

Ու եթե նրանք կան, պիտի հրապարակավ աջակցեն: Բայց այդ հարյուրները, էլ չասած` հազարներն ու տասնյակ հազարները չեն երեւում ու չեն երեւում: Քոչարյանական քարոզչամեքենային այս ամենը մնում է բացատրել միայն մի ձեւով` նրանք կամ համեստ են, կամ վախենում են խոսել: Կարծես` Քոչարյանի աջակիցների մի գաղտնի բանակի մասին խոսեն, որոնք հազարներով կան, բայց չեն երեւում: Էլ չասած, որ վախից լռելու մասին հիմնավորումները վաղուց արդեն լուրջ չեն ընդունվում, որովհետեւ ագամ քոչարյանական իշխանության սարսափի տարիներին մարդիկ ոչ թե հարյուրներով, այլ հազարներով ու տասնյակ հազարներով չէին վախենում անշահախնդիր դուրս գալ փողոց ու աջակցել իրենց նախընտրած ընդիմադիր գործիչներին: Ու հիմա, հաստատ, քոչարյանական ժամանակները չեն: Եթե իրական աջակիցներ լինեին, ապա հիմա հաստատ փողոց դուրս եկած կլինեին:

Պարգեւ Ապրեսյան