27.12.2019 12:01

Դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը

Դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը

Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել հոր սպանության մեջ մեղադրվող  Խաչատուրյան քույրերի քրեական գործով մեղադրական եզրակացությունը, փոխանցել է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին իրավապահ մարմիններում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն ավարտել էր գործի հետաքննությունը: Երկու ավագ քույրերի՝ Անգելինայի և Քրիստինայի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Կրտսեր քրոջը՝ Մարիային քննությունը խնդրում էր ուղարկել հարկադիր բուժման:

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին: Սպանության մեղադրանքով ձերբակալվել էին նրա երեք դուստրերը: Հարցաքննության ընթացքում աղջիկներն ընդունել էին մեղքը և պատմել, որ գործել են հոր կողմից անդադար ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով:

Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ երկար ժամանակ հայրը «ֆիզիկական և հոգեկան տառապանքներ» է հասցրել աղջիկներին: Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով՝ ավագ դուստրերը նաև սեռական բռնության են ենթարկվել:

Խաչատուրյան քույրերի գործը լայնորեն լուսաբանվել է մամուլում: Ի պաշտպանություն աղջիկների՝ հանդես են եկել հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, այդ թվում՝ Քսենյա Սոբչակը և Յուրի Դուձը, նաև գրող Նարինե Աբգարյանը: Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով հանրագիրը ստորագրել է ավելի քան 115 հազար մարդ, մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, պիկետներ են անցկացվել՝ ի պաշտպանություն քույրերի:

Փոխանցում է euronews-ը: