27.12.2019 18:03

Լիզա Ճաղարյան. Դոնդող «հերոսների» ժամանակը

Լիզա Ճաղարյան. Դոնդող «հերոսների» ժամանակը

Մի հին ու զվարճալի պատմություն հիշեցի հերոս Հրայր Թովմասյանին լսելիս։

Տարիներ առաջ Սերո Խանզադյանին ԽՍՀՄ հերոսի կոչում շնորհելուց հետո Համո Սահյանը կատակել էր. «Արդեն կարող ենք գիշերները հանգիստ քնել՝ քաղաքում հերոս կա»։

Ի տարբերություն Սովետական «ազատ աշխարհ» Հայաստանի քաղաքացիների, անկախ Հայաստանի քաղաքացիներիս բախտն աննախադեպ է բերել։ Քաղաքը, ավելին՝ ողջ Հայաստանը հիմա ընդամենը մեկ հերոսի հույսին չի. ոչ ավել-ոչ պակաս՝ յոթ հերոս ունենք։ Յոթն էլ պինդ-պինդ նստած են Սահմանադրական դատարանի անդամների աթոռներին, ներողություն՝ խրամատում, ու կենաց-մահու կռիվ են տալիս ընդդեմ ոսոխ իշխանության։

Հանուն Հայաստանի քաղաքացիներիս։

Որովհետեւ, բոլորդ էլ հասկանում եք, չէ՞, եթե այս աննկուն հերոսները չլինեն, Հայաստանում կմոլեգնեն բիրտ ճնշումները, բռնապետությունը ալիք կտա ու կքշի-կտանի ռոբասերժական ժողովրդավարական իշխանությունների տիրապետության տարիներին երջանիկ ու ազատ ապրող քաղաքացիներիս։

Հերոս Հրայրը եւ յուր խմբակը ինքնազոհաբերվում են ՍԴ չորս պատերի ներսում, կրում են աննախադեպ զրկանքներ, հյուծվում են ժամ առ ժամ Հայաստանի քաղաքացիներիս փրկության կսկիծն իրենց անանձնական սիրուց փոթոթվող հոգիներում ամբարած, եւ նրանց հրափայլ աչուկներում լափին է տալիս ողջակիզման պատրաստակամությունը հանուն մեզ՝ ճնշված, թալանվող եւ խոշտանգվող քաղաքացիներիս։

...Իսկ ավելի լուրջ՝ Հրայր Թովմասյանն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։

Նախկին փիսոները, որ ՀՀԿ-ական հանցագործ իշխանությունների օրոք հլու-հնազանդ դակիչ էին աշխատում Սահմանադրական դատարանի պատերի ներսում տաքուկ եւ ապահով տեղավորված, հիմա առյուծ են կտրել։ Հիմա սրանց առյուծ կտրելու ժամանակներն են։ Տարիներ շարունակ նախկինների սահմռկեցնող հանցագործությունները, աղաղակող ընտրակեղծիքները կոծկող ու լղոզող կամակատարներին հեղափոխական տրամաբանությամբ ՍԴ-ից վտարելու փոխարեն՝ նոր իշխանությունը գետնին թավշյա գորգ էր փռել, որ սրանց «պատվով» ուղարկեր «վաստակած հանգստի»։ Թե սրանց ո՛ր արժանիքների եւ պետությանն ու ՀՀ քաղաքացիներին մատուցած ի՛նչ ծառայությունների համար էին այս զավեշտալի թամաշաները, չեմ հասկացել մինչ օրս ու չեմ էլ հասկանա երբեւէ։

Իսկ ա՛յ մի բան կա, որ հրաշալի եմ հասկանում. այս խեղկատակային «հերոսապատումը» ներկա իշխանությունների ձեռքի գործն է։ Կամա թե ակամա՝ կարեւոր չէ։

Ի դեպ։

Մի ճիշտ բան, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանն ասաց. իր թվարկած «հերոսների» ցուցակում չկա ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի անունը։

Չէր էլ կարող լինել։ Աստված մի արասցե, որ լիներ։

Այն տարիներին, երբ ռոբական եւ ՀՀԿ-ական ՍԴ-ականներն զբաղված էին նախկինների հանցագործությունները սրբագրելով ու խմբագրելով, այս նույն Վահե Գրիգորյանն անշահախնդիր պաշտպանում էր Հյուսիսային պողոտայից բիրտ ուժով վտարվածների եւ քաղբանտարկյալների շահերը, ինչն աներկբա հերոսություն էր ամեն նենգության ու հրեշավոր արարքի ընդունակ ավազակախմբի տիրապետության շրջանում։

Իսկ ընդդեմ ներկա իշխանության «հերոսանալ» կարող է նախկինների ոտքերը լիզող ցանկացած դոնդող. ու՞մ ոտքերի տակ թավշյա գորգ փռես, որ իրեն հերոս չզգա։