27.12.2019 20:34

Արսեն Գրիգորյան․ Հրայր Թովմասյանն այս պատմությունից չոր դուրս չի գա

Արսեն Գրիգորյան․ Հրայր Թովմասյանն այս պատմությունից չոր դուրս չի գա

Դատախազությունը քրեական գործ է հարուցել Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Այսօր ՀՔԾ-ն ՍԴ-ում էր։ Նախկին իշխանությունների մի «բատալիոն» այսօր վազել է ՍԴ, թե հասեք՝ Հրայր Թովմասյանին բռնում են։ Դուք հրաշք եք, տղերք։ Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը ախր նաեւ ձեր արարքն է։ Դուք այս մասին մտածեք։

Հրայր Թովմասյանն ընտրություն ուներ՝ հրաժարական տալ չխայտառակվելու դիմաց։ Ձեր բախտը բերել էր, որ դուք քաղաքական պաշտոն էիք զբաղեցնում եւ հեռացաք հեղափոխության ճանապարհով։ Այդ մասով ոչ դուք էիք հեղափոխությանը սպառնում, ոչ հեղափոխությունը՝ ձեզ, գոնե հեռանալու պահին։ Հրայր Թովմասյանը սպառնում է։ Նա ՍԴ-ն սարքել է ձեր կենսունակության գոտի։ Այստեղ դուք դրության տեր եք։ Այլապես Արեւիկ Պետրոսյանը իր հերոսական կենսագրությունը չէր պատմի տեսախցիկների առաջ։ Անզեն աչքով էլ է տեսանելի, որ տիկին Պետրոսյանի աննկատ ապրած կյանքը աննկատ է եղել նաեւ նվաճումների տեսանկյունից։ Նկատելի են եղել միայն նրան հովանավորող ուժերը։ Հիմա այդ ուժերը չկան, եւ տիկին Պետրոսյանը հերոսանում է «սեփական ուժերով»։ Այսինքն թե՝ ես իմ դիրքերում կանգնած եմ, նախկինները վախենալու բան չունեն։

Բայց հանուն ինչի՞։ Հանուն ու՞մ է դիմադրում Հրայր Թովմասյանը։ Մեղադրանքը, հակառակի պես, պարզ է շարադրված։ Մարդն ունեցել է շինություն, այդ շինությունը վարձակալության է տվել պետությանը, ծառայեցրել է իբրեւ նոտարիատ ու պետությունից փող է աշխատել։ Հիմա այստեղ ի՞նչն է  քաղաքական։ Ումի՞ց են Հրայրին ուզում պաշտպանել նախկինները։ Ասենք, Դավիթ Հարությունյանը, որը ակամայից մի հայտարարությամբ Հրայր Թովմասյանի գործունեությունը դարձնում է  ապօրինի։ Պարոն Հարությունյանն ասում է, որ ՍԴ նախագահի վրա դեռ տարածվում է նախորդ Սահմանադրությունը, որով ինքը ամբողջական անձեռնմխելիություն ունի։ Ուրեմն, եթե տարածվում է, նա ՍԴ անդամ է եւ հեռու պետք է մնա ՍԴ-ից։ Հենց այս մասին էր ասում Վահե Գրիգորյանը։ Ուրեմն էդ մարդուն վերցրեք ՍԴ-ից ու գնացեք։ Թեպետ կարգին ուշացել եք։ Եթե նա անձեռնմխելի էր նախորդ Սահմանադրությամբ, նա պետք է օգտվեր այդ իրավիճակից ու արագ հրաժարական տար մինչեւ քրգործը։ Իսկ հիմա դա արդեն չի աշխատի։ Իզուր մեղվի բունը բզբզացիք։

Ես չգիտեմ, թե ինչքանով է պարոն Թովմասյանը չոր դուրս գալու այս ամենից։ Վախենամ՝ տարբերակ չունի։ Նա սխալվեց, երբ հեղափոխությունը ստորադասեց ՍԴ-ին։ Ամենավատ իրավաբանն այն իրավաբանն է, որին թվում է, թե լեգիտիմությունը օրենքից անցողիկ է։ Քանի՞ գրոշ արժե քո ՍԴ-ն, քո ընդդիմադիր լինելը, եթե դրանք լեգիտիմության աուրան չունեն։ Ահա ինչու բոլոր հիմքերը կան կարծելու, որ Հրայր Թովմասյանն այս պատմությունից չոր դուրս չի գա։ Եթե այդ աուրան չունես, մի կպիր Սահմանադրությանը, քանի դեռ ավելի լավ ժամանակներ չեն եկել։ Դու կվրիպես, իսկ լեգիտիմությունը, եթե անգամ այն ասպարեզ է գալիս առանց օրենքի, չի վրիպի։