08.01.2020 12:34

Դամասկոսում Պուտինը և Ասադը քննարկել են պատերազմի և խաղաղության հարցեր

Դամասկոսում Պուտինը և Ասադը քննարկել են պատերազմի և խաղաղության հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Պուտինի այցը տեղի է ունեցել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո  տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրացման պահին: Գեներալը ամբողջ Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, ռազմականացված շիա խմբավորումների ոգեշնչողն ու համակարգողն էր: Համարվում է, որ հենց նա է համոզել Պուտինին միջամտելու Սիրիայի հակամարտությանը 2015 թ. սեպտեմբերին:

Պուտինը նշել է, որ ընդհանուր ջանքերը ութամյա պատերազմում արդյունք են տվել. «Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ձեր ջանքերի շնորհիվ, մեր համատեղ գործողությունների շնորհիվ իրադրությունը ոչ միայն արմատապես փոխվել է, այլև, ըստ էության, մենք ականատեսն ենք Սիրիայում սիրիական պետականության՝ միացյալ ամբողջական երկրի վերականգնմանը»:

Ասադը Պուտինին խնդրել է իրեն մենակ չթողնել թշնամիների դեմ: «Ամեն անգամ, երբ մենք առաջ ենք գնում և հաջողություններ ենք գրանցում, իրադրությունն ավելի է բարդանում, քանի որ փորձեր են արվում վերականգնելու ահաբեկչությունը: Դրա համար էլ ձեր այսօրվա այցը չափազանց կարևոր է, որպեսզի մենք քննարկենք՝ ինչպես կարող ենք համագործակցել՝ նոր հաջողությունների հասնելու, ահաբեկչության դեմ պայքարում մեր գործողությունները համակարգելու համար»:

Փոխանցում է BBC-ն: