08.01.2020 17:21

Լիզա Ճաղարյան. «ՄշակույՏն» ընդդեմ մշակույթի «հաղթարշավը» շարունակվում է

Լիզա Ճաղարյան. «ՄշակույՏն» ընդդեմ մշակույթի «հաղթարշավը» շարունակվում է

Անցյալ դարավերջին Դմիտրի Դիբրովը մի հաղորդաշար էր վարում НТВ-ում (Антропология)։ Հրավիրում էր երաժիշտների, երաժշտական խմբերի, մշակույթի զանազան գործիչների, պատմում էր նրանց մասին, հյուրերն էլ իրենց ստեղծագործություններն էին ներկայացնում։ Այսքանը։ Առաջին հայացքից սովորական հեռուստահաղորդաշար էր, բայց մի էական տարբերություն կար ամենքիս հայտնի նման հաղորդաշարերից. Դիբրովի ուշադրությանն արժանացած արվեստագետների մեծ մասը, գրեթե բոլորը հեռուստադիտողին անհայտ մարդիկ էին։

Մի բան հաստատ էր. ռուսական կենտրոնական հեռուստաալիքներին հետեւողներս նրանց երբեւէ չէինք տեսել ու չենք տեսել մինչ օրս, չէինք լսել ու չենք լսել մինչ օրս։ Եվ պատճառն այն չէր, որ այս գործիչներն արժանի չէին նշված հեռուստաալիքներով կամ մեծ բեմերում, լայնարձակ հրապարակներում ու նշանավոր ցուցասրահներում ներկայացնելու իրենց արվեստը. հակառակը՝ շոուբիզնեսի, այսպես կոչված, աստղերին, պալատական սազանդարներին ոչ միայն չէին զիջում, այլեւ մի քանի գլուխ բարձր էին ե՛ւ իրենց վարպետությամբ, ե՛ւ բարձրաճաշակությամբ, ե՛ւ թարմ ու համարձակ մտահղացումների գունեղությամբ։ Սակայն, այս մարդկանց առջեւ բացվում էին միայն նեղ շրջանակներին հայտնի փոքր դահլիճների ու ծխոտ ակումբների դռները։

Ռուսաստանը նույն Ռուսաստանն է, այնտեղ բան չի փոխվել, ուրեմնեւ՝ նույն պալատական սազանդարներն ու արվեստագետներն են շարունակում ներկայացնել ռուսական մշակույթը, իսկ Դիբրովի «անտրոպոլոգիական» պեղումներով հայտնաբերված արվեստագետների կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք կա՛մ գոյություն են քարշ տալիս «հետնախորշերում», կա՛մ առնվազն տաքսի են վարում ընտանիք պահելու համար։

Ավելին, Դիբրովն էլ է մոռացել նրանց գոյության մասին։

Իսկ ես չեմ մոռացել։ Հայաստանում կատարված հեղափոխությունից հետո ավելի հաճախ եմ հիշում ե՛ւ այդ հաղորդաշարը, ե՛ւ այդ մեկը մյուսից տաղանդավոր արվեստագետներին։

Իսկ հիշում եմ, որովհետեւ հեղափոխական Հայաստանում, որտեղ շատ, թե քիչ, լավ, թե վատ՝ փոփոխություններ են կատարվում բոլոր ոլորտներում, իսկ ահա «մշակույթ» կոչեցյալ «անկարեւոր» բնագավառը շարունակում է անվրդով ընթանալ իր «բնականոն» հունով։

Պարզվում է՝ նախկին անարդար, հանցագործ իշխանությունը, որ բոլոր բնագավառներում հենվում էր սեփական աթոռների ամրապնդմանը նպաստող եւ հաճոյացող ուժերին, ո՜վ զարմանք՝ մշակույթի հարցում ճիշտ ուղի էր ընտրել, գնահատում էր միայն արժանավորներին։ Դե՛, մեր թավշյա իշխանությունն էլ, գիտենք, բարի է եւ մեծահոգի՝ շարունակում է ծափահարել եւ առաջ մղել նախկինների աճեցրած «աստղերին», առավել քնքշորեն է վերաբերվում նախկինների հետ թեւ-թեւի նոր իշխանության դեմ պայքարողներին («անշառ» բնագավառ է, լենուբոլ հնարավորություն է ընձեռում աննախադեպ ժողովրդավարություն ցուցադրելու համար)՝ առանց դույզն-ինչ անհանգստության նշաններ ցույց տալու, որ հնարավոր է՝ ո՛չ միայն իրենց նման կարկառուն եւ աննախադեպ քաղաքական գործիչներն են հալածված կամ չգնահատված եղել նախկին ավազակախմբի ստեղծած գաղջ մթնոլորտում, այլ նաեւ արվեստագետներ են ապրում Հայաստանում, որ համապատասխան «ճկունություն» չեն ունեցել՝ նախկինների հովանավորությանն արժանանալու համար, եւ հեղափոխական իշխանությունը, նախ, պարտավոր է փնտրել ու գտնել նման «անճարակներին», որովհետեւ մաշված ճշմարտություն է՝ միջակություններն իրենց աջակցության կարիքը չունեն, միջակությունները տիրապետում են հաջողության «գաղտնիքներին» եւ առատաձեռն թալանչիների օգնությամբ ոչ միայն վաղուց ի վեր ասֆալտապատել են իրենց իսկ ճանապարհը, այլեւ լուծել են իրենց հետագա սերունդների բարեկեցության ու ինքնահաստատման խնդիրները։

Տարօրինակ չի՞ (շատ մեղմ ասած), որ հենց այդ նույն մարդիկ են հեղափոխությունից հետո թագավորում ամենուրեք՝ հեռուստաընկերություններում, հատկապես ու մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունում, որի տերը Հայաստանի քաղաքացին է, տոնական հանդիսություններում ու հրապարակներում։ Այդ նույն մարդիկ են զանազան ժյուրիներում որոշում, թե ովքեր իրավունք ունեն Հայաստանում մշակույթ ստեղծելու, ֆիլմեր ու սերիալներ են նկարահանում նու՛յն մարդիկ, քանդակներ են «ցփնում» սրտներն ուզած վայրերում նու՛յն մարդիկ... եւ այսպես շարունակ։

Քավ լիցի, ես թավշյա հեղափոխականների նման բարի չեմ, բայցեւ այնքան չար չեմ, որ ասեմ՝ արժանավորներ չկան ու չեն եղել այդ տարիներին, եւ որ պետք է փակել նախկինների օրոք ապրելու ձեւը սերտածների ճանապարհը. ուզենաք նույնիսկ՝ չեք կարող փակել։

Բայցեւ չեմ կարող չասել, որ անասելի ու աններելի կարճամտություն է կարծելը, որ անարդարությունների ճահճում ճղփճղփացող իշխանության օրոք բոլորը տուժել են՝ սկսած հեղափոխական իշխանավորներից մինչեւ հողագործը, իսկ մշակույթի երկնակամարում թեւածել է լուսապայծառ արեգակը։

Հավատացեք, պարոնայք եւ տիկնայք իշխանավորներ, ամոթ չէ, որ ձեզ բավարարում է նախորդներից ձեզ փոխանցված մշակույթի մակարդակը, ամոթ է, որ մեծամտության եւ ինքնավստահության այնպիսի «բարձունքների» եք հասել, որ ձեզ թվում է՝ ոչ միայն քաղաքականության ու տնտեսության բոլոր խորխորատներն եք նվաճել, այլեւ ամեն մեկդ՝ ձեր պես-պես խորհրդականներով սկսած, մշակութաբանության այնպիսի գիտակներ եք, որ հասարակությունը բերանները բացած պետք է նայի ձեզ ու կողմնորոշվի, թե ում եք ծափահարում, որ միանա ձեր թելադրած «բուռն եւ երկարատեւ ծափահարություններին»։

Ի վերջո, մի ելք էլ կա. ո՛չ մեկի մի օգնեք, մի՛ հովանավորեք, բայցեւ մի՛ թելադրեք ձեր ճաշակը։

Ձեր թելադրածից քսան երկարուձիգ տարիներ տեսել ենք ու մինչեւ կոկորդներս կուշտ ենք. այս իրավիճակում գերադասելի է, որ լիովին անտերության մատնեք մշակույթի ոլորտը եւ ձեր տեսակետներն ու սրա-նրա հանդեպ հիացմունքը պահեք ձեր տներում ու ձեր աշխատասենյակներում։

Անտերությունն էլ է ազատության տեսակ. այս դեպքում չգնահատվածներն ու մոռացվածներն ավելի հեշտ ճանապարհ կհարթեն ե՛ւ իրենց համար, ե՛ւ իրենց նմանների։

Առանց իշխանական բաժակաճառերի։