09.01.2020 11:30

Ունաի Էմերին ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն

Ունաի Էմերին ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Իսպանացի մասնագետը չունի մարզչական աշխատանք 2019թ․ նոյեմբերին անգլիական թիմից հեռացվելուց հետո։

«Ոչ մի տարբերակ չեմ բացառում։ Որոշակի հետաքրքրություն եղել է իսպանական ակումբներից, բայց առաջարկներ դեռ չեն եղել։ Կցանկանայի վերադառնալ Լա Լիգա։ Առայժմ որոշ գործեր ունեմ Իսպանիայում եւ Անգլիայում»,- Էմերիի խոսքը մեջբերում է Cadena SER-ը։

Էմերին 2018-ին փոխարինել էր 1996 թվականից «Արսենալը» գլխավորած ֆրանսիացի Արսեն Վենգերին։ Առաջին մրցաշրջանում լոնդոնյան ակումբը Էմերիի ղեկավարությամբ Անգլիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, Եվրոպայի լիգայում հասավ եզրափակիչ, սակայն պարտվեց «Չելսիին»։

48-ամյա մասնագետն «Արսենալից» առաջ գլխավորել է «Ալմերիան», «Վալենսիան», Մոսկվայի «Սպարտակը», «Սեւիլիան», ՊՍԺ-ն։ «Սեւիլիայի» հետ Էմերին երեք անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։