09.01.2020 15:03

Թեհրանում օդանավի աղետի զոհերը 7 երկրի քաղաքացիներ են եղել

Թեհրանում օդանավի աղետի զոհերը 7 երկրի քաղաքացիներ են եղել

Նախնական տվյալներով՝ Թեհրանում աղետի ենթարկված Boeing 737-800 NG օդանավում եղել են՝ Իրանի 82 քաղաքացի, 63 կանադացի, 11 ուկրաինացի (այդ թվում՝ օդանավի անձնակազմը), ինչպես նաև Շվեդիայի, Աֆղանստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Ընդհանուր առմամբ 176 մարդու կյանք խլած ավիաաղետը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Թեհրան-Կիև չվեթն իրականացնող՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը Թեհրանի միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6.10 և մի քանի րոպե անց անհետացել է ռադարներից:

Աղետի պատճառը կարող է եղած լինել տեխնիկական անսարքությունը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներում» տեղեկացրել են, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է Իրանի ավիացիոն իշխանությունների հետ և «բոլոր միջոցները ձեռք է առնում՝ աղետի պատճառը պարզելու համար»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին:

Փոխանցում է euronews-ը: