09.01.2020 15:39

ԱՄՆ և Իրան. Կոնֆլիկտն սպառված է, սակայն պատերազմը չի բացառվում

ԱՄՆ և Իրան. Կոնֆլիկտն սպառված է, սակայն պատերազմը չի բացառվում

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին երեկ հայտնել է, որ իրանցիները ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից անմիջապես առաջ Իրաքին նախազգուշացրել են, որ կրակելու են ամերիկացիների տեղակայման վայրերի ուղղությամբ, սակայն չեն ճշտել, թե հատկապես որոնց են հարվածելու: Այնուհետև CNN հեռուստատեսությունը, հղում անելով դիվանագիտական և ռազմական աղբյուրներին, հաղորդել էր, որ իրաքցիներն անմիջապես այդ մասին տեղյակ են պահել ամերիկացիներին:

Այնուամենայնիվ, եթե անգամ ԱՄՆ-ի և Իրանի զինվորականների միջև բախումներ այլևս չլինեն, հակամարտությունը կարող է շարունակվել և ծավալվել՝ ամերիկացիների և տարածաշրջանում բազմապիսի զինված շիա խմբավորումների բախումների տեսքով: Առնվազն երկու այդպիսի խմբավորումներ արդեն չորեքշաբթի օրը հայտարարել են, որ պատերազմ են սկսում ամերիկացիների դեմ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը այս շաբաթ տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը « չի կարող ամբողջ տարածաշրջանում վերահսկել զայրացած մարդկանց»: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին էլ, ելույթ ունենալով կառավարության առջև, հայտարարել է. «Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներին գլխավոր պատասխանը պետք են տան տարածաշրջանի ժողովուրդները. ամերիկացիները կտրել են մեր թանկագին գեներալ Սուլեյմանիի ձեռքը, ի պատասխան՝ կկտրվի Ամերիկայի ոտքը տարածաշրջանից»:

Փոխանցում է BBC-ն: