09.01.2020 15:55

Կառլոս Գոնը մեղադրում է: Ճապոնիայի դատախազությունը վրդովված է

Կառլոս Գոնը մեղադրում է: Ճապոնիայի դատախազությունը վրդովված է

Ֆրանս-ճապոնական Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլաշինական  ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը, որ կոռուպցիայի մեղադրանքների պատճառով Ճապոնիայից փախել է Լիբանան, առաջին անգամ ներկայացել է հանրությանը:

Ավելի քան 150 լրագրողներ աշխարհի տարբեր ԶԼՄ-ներից ներկա են եղել նրա առաջին մամլո ասուլիսին Բեյրությում: Renault-Nissan-Mitsubishi-ի նախկին ղեկավարը Ճապոնիայից իր սկանդալային փախուստի մանրամասներ չի հաղորդել, սակայն պնդել է, որ ինքն անմեղ է, և մեղադրել է Ճապոնիայի պաշտոնատար անձանց և Nissan-ի ղեկավարությանը՝ իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

«Այս ամենը քաղաքականություն է: Նրանք ուզում էին այս գործն այնպես ներկայացնել, իբր՝ ինչ-որ մեկը սահմանն անցել է: Ոչ: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ»,- հայտարարել է Գոնը: Նա քննադատել է ճապոնական դատախազությունը և դատական համակարգը՝ նրանց անվանելով կանխակալ և անբարեխիղճ: Գոնը շեշտել է, որ Nissan-ի նախկին ղեկավար Հիրոտո Սաիկավան իր դեմ կազմակերպված դավադրության մասնակիցն է եղել, իսկ ընկերությունը 200 մլն դոլար է ծախսել՝ իր անունը սևացնելու համար:

«Ես արդարադատությունից չեմ փախել, ես խույս եմ տվել անարդարությունից և հետապնդումներից»,- հավելել է Կառլոս Գոնը՝ ընդգծելով, որ այդ փախուստն իր կյանքի ամենադժվար որոշումն է եղել, և այդ քայլին իրեն մղել է Ճապոնիայի դատական վիճակագրությունը, որտեղ դատավճիռների ավելի քան 99 %-ը մեղադրական է:

Կառլոս Գոնի մամուլի ասուլիսից անմիջապես հետո հայտարարություն է արել նաև Տոկիոյի դատախազությունը: Գերատեսչությունը գործարարի հայտարարությունն անվանել է «կտրականապես ստահոդ» և փաստերին հակասող:

Փոխանցում է euronews-ը: