10.01.2020 11:40

Թրյուդո. Իրանը սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը

Թրյուդո. Իրանը սխալմամբ  խոցել է  ուկրաինական ինքնաթիռը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Իրանին մեղադրել է ուկրաինական Boeing-ի աղետի համար, որը տեղի է ունեցել չորեքշաբթի Թեհրանի մերձակայքում:

«Մենք բազմաթիվ աղբյուրներից ապացույցներ ունենք, որ ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով: Դա, շատ հավանական է, տեղի է ունեցել սխալմամբ»,- հայտարարել է Թրյուդոն: Օդանավի աղետի արդյունքում զոհվել է Կանադայի 63 քաղաքացի:

Թրյուդոն հայտարարել է, թե Կանադան օդանավի աղետի վերաբերյալ պատասխաններ է պահանջում: Կանադայի կառավարությունը չի հանգստանա, քանի դեռ չի ստացել իր հարցերի պատասխանները, հայտարարել է նա:

Թրյուդոյից հետո նույնպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Բավական տեղեկություններ կան այն մասին, որ ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Դա, հավանաբար, միտումնավոր չի արվել»,- ասել է Ջոնսոնը:

Ուկրաինական Boeing-ը աղետի էր ենթարկվել Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Փոխանցում է BBC-ն: