10.01.2020 15:07

Քոչարյանի դատ. Ու նորից միջնորդություններ

Քոչարյանի դատ. Ու նորից միջնորդություններ

Տարվա մեկնարկելուն պես՝ մեկնարկեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, ու նորից ոչ թե բուն՝ բովանդակային դատավարությունը, այլ՝ պաշտպանների ներկայացրած հերթական միջնորդության քննարկումը:

Այս անգամ պաշտպանները քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ էին ներկայացրել, հայտարարելով, թե մեղադրանքը, որ ներկայացվել է իրենց պաշտպանյալներին (Քոչարյանին եւ մյուսներին)՝ 2008-ին չեն եղել: Մինչ այդ էլ, հիշեցնենք, փաստաբանները միջնորդում էին կամ գրավով ազատ արձակել իրենց Քոչարյանին, կամ՝ անձնական երաշխավորությամբ, կամ՝ պնդում էին, թե նա նախագահական իմունիտետ ունի, հետեւաբար՝ չպետք է քրեական հետապնդման ենթարկվի, կամ՝ առաջադրված հոդվածների որոշակիությունն էին բողոքարկում: Հետո դրանք վերաբողոքարկում էին վերաքննիչում եւ վճռաբեկում:

Կարճ ասած՝ բոլոր հնարավոր բովանդակությամբ միջնորդությունները ներկայացնում էին, եւ փաստորեն՝ փաստաբանների տակտիկան չի փոխվել, դեռ շարունակում են ներկայացնել դրանք՝ ըստ էության թույլ չտալով, որ մեկնարկի բուն դատավարությունը, ու վերջապես հարցաքննված հարյուրավոր վկաները գան դատարան եւ այնտեղ հերքեն կամ հաստատեն իրենց ցուցմունքները, ինչպես նաեւ դատարան բերվեն գործում առկա ապացույցները, եւ հանրությունը վերջապես ոչ թե մեկնաբանություններով, այլ սեփական աչքերով տեսնի դրանք եւ հասկանա, թե ինչ են պատմում մասնակիցներն ու վկաները, եւ ինչ փաստաթղթեր կան գործում:

Ճիշտ է, նույն պաշտպանները պարբերաբար հայտարարում են, թե իրականում իրենք բոլորից շատ եւ ամենից առաջ են շահագրգռված, որ դատավարությունը մեկնարկի, եւ իբր թե մենք՝ հանրությունը, տեսնենք, որ մեղադրանքը հաստատող ապացույցներ չկան: Հայտարարում են, իհարկե: Բայց գործնականում մենք էլ հո տեսնում ենք, որ անում են լիովին հակառակ քայլեր եւ ամեն գնով տորպեդահարում են դատավարության մեկնարկը:

Չեն ուզում, էլի, այդ մարդիկ, որ գործը սկսվի, հո զոռով չէ: Եւ ակնհայտորեն, պաշտպանական այս տակտիկան քաղաքական նպատակներ ունի, եւ նախեւառաջ հենց իշխանությունները պետք է սրա մասին մտորեն: Պարզից էլ պարզ է, որ իրավական այս գործը ձգելու նպատակը քաղաքական է, ձգել այնքան՝ մինչեւ որ, իրենց կարծիքով, երկրում քաղաքական փոփոխություններ կլինեն՝ իշխանափոխություն, հեղափոխություն (կամ՝ իրենց ենթադրյալ աջակցի բառերով ասած՝ «պերեվարոտ»), եւ գործը դեռ չսկսված՝ կկարճվի: Ու հենց դրա համար էլ փաստաբանները շեղողի դերակատարությունն են ստանձնել՝ մինչեւ որ իրենց պաշտպանյալները փորձեն քաղաքական հարցեր լուծել, այդ նպատակով գործի դնելով իրենց ամբողջ ռեսուրսը եւ առաջին հերթին՝ հսկայական կարողություններով մեդիա ռեսուրսը:

Բուն գործընթացն այս պարագայում ակնհայտորեն կուլիսներում է տեղի ունենում, եւ իշխանություններն իրենցից կախված եւ իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ամեն բան անեն թույլ չտալու համար, որ մարտիմեկյան դատավարությունն օդում կախված պահվի:

Որովհետեւ նրանք ժամանակ են շահում։ Կամ՝ փորձում են շահել:

Պարգեւ Ապրեսյան