11.01.2020 11:00

Ռիվալդոն կարծում է՝ Վալվերդեն պետք է պաշտոնանկ արվի

Ռիվալդոն կարծում է՝ Վալվերդեն պետք է պաշտոնանկ արվի

«Բարսելոնայի» նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 1999 թվականի դափնեկիր Ռիվալդոն կարծում է, որ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից:

««Բարսելոնան» չի կարող մշտապես «քնել» կարևոր խաղերի ընթացքում: Դա նյարդայնացնում է: Նրանք կառավարում էին հանդիպման ընթացքը և պետք է հաղթեին, սակայն վերջնամասում կտրվեցին խաղից ու պարտվեցին: Նմանատիպ երևույթների «Բարսայի» կատարմամբ հանդիպել էինք նաև Չեմպիոնների լիգայում:

Ակումբը պետք է բաց թողնի Վալվերդեին, քանի որ «Բարսելոնան» այդպես հանգիստ պարտվելու իրավունք չունի: Մարզիչը պետք է արձագանքի խաղի ընթացքում առաջացող խնդիրներին: Եթե նա պարզապես նստում ու դիտում է, ապա մրցակիցները կարող են անակնկալ մատուցել»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

«Բարսելոնան» այս պահին գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջին խաղաշրջանից հետո իր ակտիվում գրանցելով 40 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով նույնքան միավոր վաստակած Մադրիդի «Ռեալից»: