11.01.2020 13:23

Հայաստանի Գրողների միության շնորհավորանքը Լևոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի Գրողների միության շնորհավորանքը Լևոն Տեր-Պետրոսյանին

Մեծարգո պարոն Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Գրողների միության բոլոր անդամների անունից, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։ Դուք Ձեր կյանքի ընթացքում գիտնականի, մանկավարժի, ազգային-պետական գործչի փառավոր ու բեղմնավոր ճանապարհ եք անցել։ Ձեր կենսագրության լավագույն տարիները համընկել են մեր ժողովրդի անկախության եւ Արցախի ազատագրության համար պայքարի դժվարին շրջանի հետ։ Մշտապես լինելով այդ պայքարի բովում, Հայաստանի անկախացումից հետո զբաղեցնելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, ապա նաեւ Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնները, Դուք Ձեր գիտելիքներն ու եռանդը ծառայեցրել եք հայ ժողովրդի ներկայի ու ապագայի կերտման նպատակին։ Մեծ է Ձեր ներդրումը նաեւ գիտական բնագավառում։ Երկար տարիներ աշխատելով Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, Մ. Մաշտոցի անվան մատենադարանում, դասավանդելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, պաշտպանելով գիտական թեզեր, Դուք զգալիորեն նպաստել եք հայ գիտական մտքի, մասնավորապես, հայագիտության, հայ-ասորական գրական-գիտական կապերի ուսումնասիրությանն ու զարգացմանը։ Ձեր գրական ու գիտական վաստակի մասին է վկայում այն փաստը, որ Դուք տարբեր ժամանակներում ընտրվել եք ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության, Ֆրանսիական Ասիական ընկերության, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի, Հայաստանի գրողների միության անդամ, Սորբոնի, Ստրասբուրգի եւ մի շարք այլ օտարերկրյա համբավավոր համալսարանների պատվավոր դոկտոր։ Հեղինակ եք երեք տասնյակից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների, այլ բնույթի հազարավոր հրապարակումների։

Մեծարգո պարոն Տեր-Պետրոսյան, մեկ անգամ եւս շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ստեղծագործական անսպառ եռանդ՝ ի շահ հայ ժողովրդի, պետության եւ ազգային գիտական-գրական մտքի ապագա բարգավաճման։

Հարգանքով՝ Էդվարդ Միլիտոնյան, 9.01.2020թ.։

Հ.Գ. Հոբելյանի առթիվ Լևոն Տեր-Պետրոսյանը պարգևատրվել է նաև Գրողների միության «Գրական վաստակի համար» հուշամեդալով: