11.01.2020 14:22

Հայաստանի շրջափակումը․ քարոզչական ստի հետքերով, մաս 1

Հայաստանի շրջափակումը․ քարոզչական ստի հետքերով, մաս 1

 

«1988 թվից, երբ մենք ոտքի կանգնեցինք Արցախի եւ Հայաստանի միասնության համար, եթե մեզ մարգարեաբար ասեին, որ մենք 1993թ. այս օրը հավաքվելու ենք ազատագրված Հայաստանում, ազատագրված Արցախով, ու եթե ասեին` այդ ճանապարհին մենք զոհեր ենք ունենալու, եթե ասեին` այդ ճանապարհին հրեշավոր ձմեռ է լինելու, շատ ենք չարչարվելու, ես համոզված եմ, որ մենք ամբողջ ժողովրդով կհամաձայնեինք դրան: Ավելիին կհամաձայնեինք։ Եվ սրանից ընդամենը 5-10 տարի հետո մեր մասին չեն դատելու, թե էս ձմեռ 250 գրամ հաց ավել կերանք, թե պակաս: Գազ կա՞ր, թե՞ չկար: Դատելու են` երկիրը պահեցի՞նք, պետությունը ստեղծեցի՞նք, թե՞ ոչ: Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ծիծաղելի է թվալու սերունդների աչքին

 

1993 թվականին Վազգեն Սարգսյանի կողմից հնչեցված տվյալ հայտարարությունից անցել է արդեն 27 տարի, սակայն 1988 թվականին սկիզբ առած համազգային շարժման և դրան հաջորդած աներևակայելի ճգնաժամերով լի ժամանակաշրջանն այդպես էլ շարունակվում է որոշ շրջանակների կողմից օգտագործվել սեփական նեղ անձնական շահերը սպասարկելու նպատակով: Այդ շրջանակները չեն խորշում պղծել ոչ միայն նորանկախ Հայաստանի պատմության այդ փառավոր մաքառման ժամանակաշրջանը, այլև, ըստ էության, իրենց իսկ կենսագրությունը: Հայաստանի առջև ծառացած ճգնաժամերի և ժողովրդի կրած զրկանքների ողջ պատասխանատվությունը (եթե կուզեք` մեղքը) նորանկախ Հայաստանի առաջին իշխանություններին վերագրողների կամ քաղաքական նպատակներով  այդ տարիները «ցուրտ ու մութ» հորջորջողների երևակայությունը հասել է մի կետի, որ արդեն քարոզում են այնպիսի անհեթեթ ձևակերպումներ, ինչպիսիք են «արհեստական ցուրտ ու մութ»-ն ու «արհեստական շրջափակում»-ը: Այսինքն` որոշ շրջանակներ ոչ միայն ամեն կերպ փորձում են ընդհանրապես մերժել 1988-1994 թվականներին Հայաստանի աներևակայելի ճգնաժամային իրավիճակը պայմանավորել Սպիտակի երկրաշարժի, ատոմակայանի փակման, Արցախյան պատերազմի, հարյուրհազարավոր փախստականների գործոններով, այլև «արհեստական» (այսինքն` կեղծիք) են համարում Հայաստանի լիակատար շրջափակումն ու էներգետիկ ճգնաժամը:

Պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի ճգնաժամերի միջով է անցել Հայաստանն այդ ժամանակաշրջանում, ընդամենը հարկավոր է ընթերցել այդ ժամանակաշրջանի մամուլը, ինչից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ որպես Արցախի հարցում զիջումներ կորզելուն ուղղված շրջափակմումը սկսվել է դեռևս 1989 թվականից` խորհրդային իշխանությունների օրոք: Ինչ վերաբերում է Արցախի` ԼՂԻՄ-ի շրջափակմանը, ապա այն, ըստ էության, տեղի է ունեցել Արցախյան շարժման հենց սկզբից` 1988 թվականի փետրվարից` պարբերաբար ուղեկցվելով Ադրբեջանում բնակվող հայերի արտաքսմամբ ու ջարդերով:

Շրջափակման և էներգետիկ ճգնաժամի թեմային, ինչպես նաև Հայաստանում և Արցախում ծագած սոցիալ-տնտեսական աղետալի հետևանքներին պարբերաբար անդրադարձել,  Ադրբեջանին (որոշ առումով՝ նաև ԽՍՀՄ վերնախավին) ուղղվող մեղադրանքներով են հանդես եկել ինչպես տեղի, այնպես էլ համաշխարհային լրատվականները, ԱՄՆ Սենատն ու Եվրամիությունը, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Լ. Վորոնինը, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, այդ թվում` ՀԿԿ առաջին քարտուղար Ս. Հարությունյանը, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, լրագրողներ և այլ կազմակերպություններ ու անհատներ:

Անդրադառնալով շրջափակումների վերաբերյալ այդ ժամանակաշրջանի մամուլի հրապարակումներին՝ փորձենք դրանք ներկայացնել սեղմ` վերլուծական եղանակով, հնարավորինս խուսափելով նույնաբովանդակ նախադասությունների կրկնությունից, պահպանելով ժամանակագրությունն ու կոնտեքստը:  

 

1989թ – 1990թ.

Իրավիճակը խորհրդային իշխանությունների օրոք

 

Որպես տվյալ ժամանակաշրջանի նախաբան՝ հարկ է որոշ փաստագրումներ կատարել.

-         Ինչպես հայտնի է` Արցախյան շարժումը սկիզբ է առել 1988թ․ փետրվարին` ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման և դրան հաջորդած սումգայիթյան ջարդերին զուգահեռ:

-         Արդեն 1988թ․ մայիսին ձևավորվում է «Ղարաբաղ» կոմիտեն` հայտնի 11 անդամներով:

-         Դեկտեմբերի 7-ին տեղի է ունենում Սպիտակի երկրաշարժը`աներևակայելի վնասներ հասցնելով Հայաստանի բնակչությանն ու տնտեսությանը:

-         Դեկտեմբերի 10-ին և 1989թ․ հունվարի 7-ին կալանավորվում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:

-         1989թ․ փետրվարի 25-ից սկսվում է Հայկական ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու գործընթացը, ինչն ավարտվում է մարտի 18-ին` սկիզբ դնելով հանրապետության էներգետիկ ճգնաժամին:

-         Մայիսի 31-ին, կես տարի մոսկովյան բանտերում պահվելուց հետո, հասարակության և միջազային հանրության ճնշման տակ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատ են արձակվում:

 

Ինչպես վերը նշվեց` Ադրբեջանի կողմից Հայաստանը պարբերաբար շրջափակման է ենթարկվել դեռևս 1989 թվականից: Հենց այդ ժամանակ արդեն շրջափակման վերաբերյալ մամուլում այնպիսի կարծիքներ են հնչել, ինչպիսին է, օրինակ, հետևյալը. «Տնտեսական հետևանքներով՝ շրջափակումը, հավանաբար, համեմատելի է դեկտեմբերյան երկրաշարժի հետ, բայց, ի տարբերություն բնական աղետի, շրջափակումը լիովին մարդածին աղետ է» («Տնտեսագետ», 22.12.1989):

1989 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արդեն իսկ սրվել էր վառելանյութի անբավարարության հարցը: Մոսկովյան մամուլն այդ օրերին գրում էր. «Երևանի կենտրոնում կարելի է մատների վրա հաշվել մեքենաների քանակը: Խափանվել է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը, վառելանյութը չի բավարարում նույնիսկ շտապօգնության մեքենաների համար» (“Комсомольская правда”, 13.09.1989):

Հումքի մատակարարման բացակայության հետևանքով արդեն իսկ պարապուրդի էին մատնվել մի քանի արտադրական ձեռնարկություններ: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան մուտք չեն գործել 1.500.600 տոննա տարբեր տեսակի ապրանքներ: Նույն այդ ժամանակաշրջանում մուտք է գործել նորմայի ընդամենը 9,3 տոկոսը: Վառելիքի անբավարարության հետևանքով միայն ավտոտրանսպորտի կրած վնասները կազմել են 12 մլն խորհրդային ռուբլի: «Շինանյութի, հումքի, վառելիքի և այլ ապրանքների բացակայությունը, փաստորեն, հանգեցրել է աղետի գոտում շինարարական աշխատանքների դադարեցման, ինչն էլ, իր հերթին,  աղետի գոտում աշխատող, տարբեր հանրապետություններից ժամանած մասնագետ-շինարարներին ստիպում է հեռանալ Հայաստանից» (“Известия”, 11.10.1989):

Հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածվում Սպիտակ քաղաքի վերակառուցման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած արտասահմանցի շինարարների կողմից: «Մենք` աղետի գոտում աշխատող տասներկու ազգությունների շինարարներ, վճռականորեն պահանջում ենք, որ կենտրոնական ԶԼՄ-ները հրաժարվեն շրջափակման փաստն անտեսելու գործելաոճից», - ասվում է հայտարարությունում (“Атмода”,  23.10.1989):

Հազարավոր տոննա սննդամթերք` կարտոֆիլ, միս, յուղ, փչանում էին այն վագոնների մեջ, որոնց շարժը դեպի Հայաստան արգելափակվում էր.  «Հումքի և շինանյութի մատակարարումը խափանելու արդյունքում միայն Սպիտակի շրջանին պատճառված վնասը կազմել է 10 մլն ռուբլի: Զգալիորեն վատթարացել է Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Հայաստան մուտք չի գործել ընդհանուր ավելի քան 18 մլն ռուբլի արժողության սննդամթերք» («Պոլիտեխնիկ», 13.10. 1989):

Ի դեպ, ճանապարհների շրջափակումը տարբեր կերպ էր դրսևորվում: Շատ դեպքերում ադրբեջանցիները գնացքներից անջատում էին մթերքներով և վառելանյութով բեռնված վագոնները, ապա նոր միայն թույլ տալիս, որ գնացքները մուտք գործեն Հայաստան:

«Աղետի գոտու համար նախատեսված շինապրանքները հնարավոր չի բեռնել, քանի որ բենզինի և դիզվառելիքի բացակայության պատճառով հարյուրավոր բեռնատարներ ուղղակի չեն շահագործվում: Հայաստանաադրբեջանական սահմանին կուտակվել են 20.000 վագոններ: Խորհրդային տարբեր կառույցների միջամտությունը արդյունք չի տալիս» (“Голос Армении (Коммунист)” № 226 (16813), 29.09.1989):

Շրջափակումը ծանր հետևանքների էր հանգեցնում նաև Զանգեզուրում, որի կենսապահովումը խորհրդային տարիներին իրականացվում էր հիմնականում Հայաստանի հարավային հատվածով անցնող երկաթգծով: «Հանրապետության չորրորդ քաղաք` Կապան, մուտք չի գործում ապրանք տեղափոխող ոչ մի գնացք: Հայաստանից հումքի արտահանման աշխատանքների կասեցման հետևանքով խափանվել է ԽՍՀՄ տարբեր ձեռնարկությունների բնականոն աշխատանքը» (“Голос Армении (Коммунист)” № 226 (16813), 29.09.1989):

Հայաստանում ստեղծված աննախադեպ իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել տեղի և կենտրոնական խորհրդային իշխանությունները: 1989 թվականի սեպտեմբերի 17-ին որոշում է ընդունում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Հայկական ԽՍՀ-ն, և երկրորդ տարին է, ինչ Լեռնային Ղարաբաղը կանխամտածված շրջափակված են Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից: Այդ կազմակերպված գործողությունը հետապնդում է քաղաքական նպատակներ` ուժի ներգործությամբ թույլ չտալ ժողովրդավարական և իրավական ճանապարհով լուծելու ԼՂԻՄ-ի խնդիրը, ճնշման ուղիով իրագործել հեռուն գնացող պլաններ:

Իր մասշտաբներով և դաժանությամբ աննախադեպ այդ շրջափակումը, փաստորեն, արգելակում է երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված […] միջոցառումների իրականացումը: Շրջափակումը զգալի հարված է հասցրել նախ և առաջ երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը, երեխաներին, հիվանդներին, ծերերին, կարիքավոր քաղաքացիներին և փախստականներին: Արդի միջազգային հարաբերություններում շրջափակման կենսագործումը դիտվում է որպես պատերազմի գործողություն:

Կենտրոնական մամուլի հրապարակումները, ռադիոհեռուստատեսային հաղորդումները իրենց՝ հաճախ կողմնակալ, անիրազեկ և միտումնավոր հրապարակումներով, ապակողմնորոշում են երկրի բնակչությանը, ավելի են սրում և բարդացնում առանց այն էլ պայթյունավտանգ իրադրությունը տարածաշրջանում» («Պոլիտեխնիկ», 13.10. 1989):

 

դեպ, Կենտրոնական լրատվամիջոցները ԼՂԻՄ-ի և Հայաստանի շրջափակման մասին լուրերը ներկայացնում էին այնպես, որ «իրականությանը անծանոթ մարդն անհնար էր, որ հասկանար, թե որ կողմն է մյուսին շրջափակել, և ինչ է ընդհանրապես կատարվում տարածաշրջանում» («Տնտեսագետ», 22.12.1989):

Ապատեղեկատվության տարածման մասին արձանագրումներն ուշագրավ են հատկապես այն առումով, որ եթե դրանք դիտարկենք ներկայումս որոշակի տարածում գտած տրամադրությունների ներքո, ապա կունենանք հետևյալ պատկերը: Եթե 1989 թվականին, նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, հասարակությունը, իր մաշկի վրա զգալով Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման  հետևանքները, քննադատում էր Կենտրոնին` չմիջամտելու և ապատեղեկատվություն տարածելու համար, ապա հետագայում, տեղի տալով տարիներ շարունակ ներքաղաքական նպատակներով իրականացվող ամոթալի քարոզչությանը, որոշ շրջանակներ սկսեցին հենց իրենք տարածել, մեղմ ասած, ապատեղեկատվություն` ընդհանրապես մերժելով ժողովրդի «վատ ապրելու» վրա ազդեցություն թողած շրջափակման և էներգետիկ ճգնաժամի գործոնները: Ավելին, նույնիսկ սկսեցին «արհեստական» համարել դրանք:)

 

Նույն ժամանակաշրջանում կայացած ԽՄԿԿ Կենտկոմի նիստում ՀԿԿ առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը իր ելույթում նախ հռետորական հարց է հնչեցնում. «Ինչպե՞ս կարող էր պատահել, որ ԽՍՀՄ 70-րդ տարելիցին զուգընթաց Հայաստանը ենթարկվում է շրջափակման` հարևան երկրի կողմից», ապա հայտարարում հետևյալը. «Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Ադրբեջանի տարածքով եկող ոչ մի բեռ չի ժամանել Հայաստան: ԼՂԻՄ-ն ավելի քան մեկ տարի գտնվում է տնտեսական մեկուսացման մեջ: Վառելիքը չի բավականացնում նույնիսկ շտապօգնության մեքենաների համար: Կասեցված են շինարարական և վերակառուցման աշխատանքներն աղետի գոտում: Ամբողջ երկրից ժամանած մասնագետները ստիպված պարապուրդի են մատնված: Սա արդեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական մեծ խնդիր է» (“Советский Карабах” № 218 (2348), 24.09.1989):

Հոկտեմբերին կայացած ԽՍՀՄ ԳԽ նստաշրջանում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Լ. Վորոնինը, իր հերթին, հայտարարում է, որ Հայաստանին ինչ-որ չափով օգնելու նպատակով մեկնող վառելանյութով բեռնված գնացքները կանգնեցված են Ադրբեջանի տարածքում, իսկ Վրաստանից Հայաստան է մուտք գործում բենզինի պահանջարկի ընդամենը 1/3-րդ մասը: «Չնայած Ադրբեջանի ղեկավարների հավաստիացումներին, երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը դեռ ապահովված չէ», - եզրակացնում է Վորոնինը («Պոլիտեխնիկ», 13.10. 1989):

ԽՍՀՄ ԳԽ-ի կողմից «շրջափակումը վերացնելու հրատապ միջոցների վերաբերյալ» ընդունված հատուկ բանաձևից հետո շրջափակումը ոչ միայն չի վերանում, այլև ավելի է սրվում. «Թալանվում են ոչ միայն [աղետի գոտու համար նախատեսված] շինապրանքներով, այլև` վերջույթներ կորցրած երեխաների համար նախատեսված պրոթեզներով բեռնված վագոնները» (“Советский Карабах” № 286 (2416), 15.12.1989):

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող արձագանքներին, ապա դրանք հիմնականում կրում էին հետևյալ բովանդակությունը: Ադրբեջանի Ժողճակատի ղեկավարության ներկայացուցիչ Է. Մամեդովը քննարկումների ժամանակ հայտարարում էր, թե «Պետք է բոլոր սահմանները փակվեն, խզվեն հարաբերությունները Հայաստանի հետ: Շրջափակումը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ներողություն չխնդրի և չհրաժարվի իր պահանջներից»: Ժողճակատի ղեկավարության մեկ այլ ներկայացուցիչ` Լ.Յունուսովան, Հայաստանի շրջափակումը վերացնելու պայման էր նշում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ «տարածքային պահանջներից» հրաժարվելը, հավելելով, որ Հայաստանի դեմ իրականացվող գործընթացը «շրջափակում» չի կարելի անվանել. «Պարզապես մենք դադարեցինք Հայաստանին տալ այն, ինչ նախկինում տալիս էինք անվճար` մեր նավթը և մեր արտադրանքը»: Ի պատասխան այս հայտարարության, հայկական մամուլը գրում էր, որ ըստ վիճակագրության` մինչ շրջափակումը Ադրբեջանի տարածքից Հայաստան մուտք գործող ապրանքների ընդամենը 3-4 տոկոսն էր ադրբեջանական արտադրանք: (“Московские новости”, 01.10.1989; «Պոլիտեխնիկ», 13.10.1989):

Բացի այս ամենից, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ նույն ժամանակաշրջանում փորձեր են արվել Վրաստանը նույնպես ներքաշել Հայաստանի շրջափակման գործընթացի մեջ. «Պահանջ է հնչել` չթույլատրել ապրանքների մուտքը Հայաստան: Պահանջի չկատարման դեպքում սպառնում են շրջափակման ենթարկել նաև Վրաստանը» («Տնտեսագետ», 22.12.1989):

1989 թվականի նոյեմբերի 19-ին Արցախի խնդրի վերաբերյալ բանաձև է ընդունում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում նշվում է, որ Ադրբեջանը իրականացնում է «կազմակերպված բռնություններ հայերի, հրեաների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ, ինչպես նաև շրջափակումներ` Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Վրաստանի դեմ»: «Եռամսյա շրջափակումը, դեպի Հայաստան մեկնող ապրանքների թալանը, հարված են հասցնում հայերի, խորհրդային ժողովրդի, ամերիկացիների և ողջ միջազգային հանրության աշխատանքներին, որոնք  ուղղված են վերացնելու 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքները», - ասվում է  ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևում («Պոլիտեխնիկ» № 38-40 (1155-1157), 12.12.1989):

Արդեն 1990 թվականի հունվարին, Բաքվում տեղի ունեցող  հայերի ջարդերին զուգահեռ, Ադրբեջանի կողմից Հայաստանի հերթական շրջափակումը սրում է բնակարանների ջեռուցումն ապահովելու խնդիրը: Մոսկովյան մամուլը գրում է. «Երևանի բնակարաններում ցուրտ է: Գլխավոր գազատարում, որը Հայաստան է մտնում Ադրբեջանի տարածքով, կտրուկ նվազել է ճնշումը: Երևանի ՋԷԿ-ն աշխատում է պահեստային պաշարներից օգտագործվող գազով: Խիստ ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը, սակայն այն նույնպես խիստ անբավարար է: Էներգետիկ օբյեկտներին չի մատակարարվում մազութ: Այս ամենը շրջափակման արդյունքն է: Բենզալցակայաններում հերթեր չկան, քանի որ բենզին չկա: Աղետի գոտում ամբողջովին կանգնեցված են շինարարական աշխատանքները»:

Վառելանյութի բացակայության հետևանքով դադարում են աշխատել նաև Երևան քաղաքի գրեթե բոլոր արդյունաբերական հիմնարկները, այդ թվում` միութենական նշանակություն ունեցող գործարանները: «Բնակարաններում էլեկտրաէներգիա լինում է միայն երեկոյան` 2-3 ժամ: 70 տոկոսով կրճատվել է փողոցային լուսավորությունը: Կտրուկ նվազել է ավտոմեքենաների քանակը»: Ըստ Երևանի քաղխորհրդի ներկայացուցիչ Օ. Դանիելյանի` «Քաղաքի գրեթե բոլոր արդյունաբերական հիմնարկները չեն աշխատում: Ադրբեջան-Հայաստան երկաթուղով ոչինչ մուտք չի գործում հանրապետություն, և, համապատասխանաբար, չի արտահանվում: Ամենաանտանելի իրավիճակը ստեղծվել է հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում: Խանութներում աճում են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հերթերը» (“Известия”,18.01.1990; “Комсомольская правда”, 24.01.1990):

Ադրբեջանի կողմից կազմակերպված հայերի ջարդերն ու Հայաստանի շրջափակումը դատապարտող հրապարակումներով և միջազգային հանրությանն ուղղված բաց նամակներով են հանդես գալիս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ գիտնականներ:  Օրինակ` անգլիացի պատմաբան, հայագետ Ք. Ուոքերը գրում է. «Ադրբեջանական զինված խմբավորումները հարձակվում են Ղարաբաղի և Հայաստանի համար ապրանքներ, այդ թվում` երկրաշարժից տուժածների համար նախատեսված օգնություն տեղափոխող փոխադրամիջոցների վրա, թալանում և ոչնչացնում են դրանք և որևէ պատասխանատվություն չեն կրում: Ավելին, ԽՍՀՄ-ում տարածաշրջանում իրադարձությունների մասին տեղեկատվությունը ներկայացվում է ադրբեջանցիների համար բարենպաստ լույսի ներքո» (“Голос Армении (Коммунист)” № 115 (17002), 24.05.1990):

1990 թվականի հուլիսին համաշխարհային ճանաչում ունեցող հարյուրից ավել գիտնականների, մարդու իրավունքների պաշտպանների և այլ անվանի անձանց անունից «Նյու Յուրք Թայմս»-ում հրապարակվում է բաց նամակ` ուղղված միջազգային հանրությանը: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս շրջափակումը, որը շարունակվում է 1989-ի օգոստոսից, ուրվագծեց ցեղասպանություն իրականացնելու մեկ այլ հեռանկար: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղ մուտք գործող բոլոր բեռները, իսկ Հայաստան մուտք գործող բեռների 85 տոկոսը, անցնում են Ադրբեջանի տարածքով: Հետևաբար, չափազանցություն չի լինի ասելը, որ նման շրջափակումը հավասարազոր է Հայաստանը խեղդելուն: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ ահռելի ավերածությունների ենթարկված հանրապետության դեմ իրականացվող շրջափակումը խիստ հարված է հասցրել տնտեսությանն ու աղետի գոտու վերակառուցման աշխատանքներին» (“The New York Times”, 27.07.1990; “Голос Армении (Коммунист)” № 169 (17056), 02.08.1990):

 

Այսպիսով, 1989-1990թթ միջև ընկած ժամանակահատվածի մամուլի հրապարակած տեղեկությունների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ

-         դեռևս խորհրդային իշխանությունների օրոք Հայաստանի էներգետիկ ճգնաժամի պատճառներն են հանդիսացել 1989 թվականի սկզբին Հայկական ատոմակայանի փակումն ու նույն թվականի հուլիս ամսից Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումները;

-         ադրբեջանական կողմը շրջափակումն ի սկզբանե փորձել է օգտագործել որպես Արցախի հարցում Հայաստանից զիջումներ կորզելու գործիք;

-         շրջափակումն ու դրա հետևանքով սրված էներգետիկ ճգնաժամը ոչ միայն աղետալի վնասներ են հասցրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, այլև խափանել են աղետի գոտու վերականգման աշխատանքները:

 Հարութ Ուլոյան

Շարունակելի