11.01.2020 17:23

Իրանը խոստովանել է, որ խոցել է ուկրաինական օդանավը

Իրանը խոստովանել է, որ խոցել է ուկրաինական օդանավը

Իրանի իշխանությունները խոստովանել են, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing օդանավը թռել է ռազմական գործողությունների գոտուն շատ մոտ և խոցվել է ոչ միտումնավոր։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգի օպերատորին թվացել է, թե դա  թևավոր հրթիռ է, և խոցել է այն՝ չկարողանալով կապ հաստատել հրամանատարության հետ։

Ինչպես նշվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը հեռարձակվել է երկրի պետական ԶԼՄ-ներով, ողբերգության պատճառ է դարձել մարդկային գործոնը։ Գլխավոր շտաբում հավաստիացրել են, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

«Թռիչքի պահին օդանավը հայտնվել է անմիջականորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական կարևոր օբյեկտներից մեկի մոտ և ձևով ու թռիչքի բարձրությամբ նման է եղել թշնամական օբյեկտի»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ։

Փոխանցում է BBC-ն։