13.01.2020 14:13

Հայաստանի շրջափակումը․ քարոզչական ստի հետքերով, մաս 2

Հայաստանի շրջափակումը․ քարոզչական ստի հետքերով, մաս 2

(Մաս 1)

«Լավ, հասկացանք, դժվարություններ և այլն, բայց պատերազմն այդպիսին է: Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կկարողանան շարունակել և նույն ժամանակ պատերազմ տանել, ուրեմն` ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնվենք, պիտի դպրոց չգնանք… և պիտի այս ամենը մոռանանք ու մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ,  հաղթենք, ու որից հետո բոլորիս համար ավելի լավ կլինի:»

Մոնթե Մելքոնյան

 

1990թ - 1991թ. Երկիշխանություն

 

1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի արդյունքում Հայաստանում հաստատվում է երկիշխանություն. մի կողմում՝ ընտրությունների արդյունքում իշխանության եկած Հայոց համազգային շարժումն էր, մյուս կողմում` ԽՍՀՄ Կենտրոնական իշխանությունը` ուժային լծակներով հանդերձ:  Չնայած դիմադրությանը, արդեն օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ ԳԽ-ն ընդունում է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը` սկիզբ դնելով Հայաստանի անկախացման գործընթացին:

Հենց այդ օրերին նոր թափ է առնում Հայաստանը շրջափակելու՝ Ադրբեջանի գործելաոճը` հսկայական նյութական վնասներ հասցնելով հանրապետությանը: «Բենզինի անբավարարության հետ կապված ծայրաստիճան ծանր իրավիճակ է ստեղծվել», «Դադարեցվել են գազով աշխատող բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը: Վնասն արդեն կազմել է տասնյակ միլիոն ռուբլի: Իսկ ի՞նչ կլինի ձմռանը», - գրում էր մամուլը:

Եթե տեխնոլոգիան թույլ էր տալիս, որոշ ձեռնարկություններ գազի փոխարեն օգտագործում էին էլեկտրաէներգիա կամ մազութ, սակայն Հայաստանի ձեռնարկությունների մեծ մասն աշխատում էր բացառապես գազով: Շրջափակման արդյունքում դադարում են աշխատել Երևանում, Չարենցավանում, Իջևանում, Սևանում, այլ քաղաքներում կենտրոնացած գործարանների և արտադրամասերի («Կերամիկայի», «Արևելյան արտադրանքի», «Ցենտրոլիտ», «Հայէլեկտրոմաշ», «Հայէլեկտրալույս», «Բետոնիտ», «Հայապակի» և այլն) մեծ մասը:

Կրած հսկայական վնասների մասին ահազանգել են ձեռնարկությունների ղեկավարները: «Հումքի, որի 90 տոկոսը մենք ստանում ենք դրսից, և գազի անբավարարությունը հանգեցրեց արտադրանքի կրճատման: Բնականաբար, աշխատավարձը սկսեց պակասել: Աշխատանքից հեռացել են ավելի քան 50 փորձառու աշխատողներ: Օգոստոսի 21-ից արտադրությունն ամբողջությամբ դադարեցվել է: Վառարանները մարված են: Ամեն օր ձեռնարկությունը կրում է 30.000 ռուբլու վնաս», - հայտնում էր Երևանի կերամիկայի արտադրամասի տնօրեն Լ. Գյումիշչյանը: «Հայէլեկտրոմաշ» գործարանի տնօրեններից Մ. Հարությունյանն էլ նշում էր.  «Գազի բացակայության հետևանքով մեկ ամսվա ընթացքում կրել ենք 2 մլն ռուբլու վնաս»:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով են հանդես գալիս նաև հանրապետության գազամատակարարումն ապահովող «Հայգազպրոմ» և «Հայգազ» ընկերությունների գլխավոր ինժեներները. «Մենք այժմ գազ մատակարարում ենք բացառապես երևանցիների կենսական կարիքների համար: Եթե Ադրբեջանը չբացի գլխավոր գազատարի փականները, մենք հայտնվելու ենք լիովին անհուսալի իրավիճակում: Սովորաբար, այս սեզոնի ընթացքում, մինչև հոկտեմբեր, մենք գազը մղում ենք ստորգետնյա պահեստներ, սակայն դրա փոխարեն այժմ այնտեղից ենք գազ վերցնում»: «Հատկապես ծանր իրավիճակ է աղետի գոտում: Մենք այնտեղ չենք կարողանում գազ մատակարարել, իսկ այնտեղ շատ են գազաֆիկացված տնակները: Հսկայական վնաս է հասցվել հանրապետության տնտեսությանը: Աղետալի իրավիճակ է, քանի որ հանրապետության վառելաէներգետիկ բնագավառներում գազը կազմում է 61,1 տոկոս: Գազ սպառող 2028 ձեռնարկություններից 1233-ն աշխատում են բացառապես գազով» (“Голос Армении (Коммунист)” 07.09.1990; 13.09.1990; 04.10.1990):

Հարկ է նշել, որ այդ ժամանակ դեռևս շահագործման չէր հանձնվել Վրաստան-Հայաստան գազամուղը. «Աշխատանքի ավարտին մի քանի ամիս է մնացել, բայց արդեն երկու տարի է աշխատողները պարապուրդի են մատնված, քանի որ տեղի` վրացական կազմակերպությունները պնդում են, որ գազատարի անցկացումն էկոլոգիական ռիսկեր է պարունակում»   (“Голос Армении (Коммунист)”, 07.09.1990): Գազամուղի կառուցման աշխատանքները խափանվում էին նաև այն պատճառով, որ խողովակաշարի կառուցվող հատվածները անցնում են Վրաստանի Գարդաբանի և Մառնեուլի շրջաններով, իսկ, ինչպես հայտնի է, այդ շրջանների բնակչության զգալի մասն  ադրբեջանցիներ են, որոնք տարբեր միջոցներով խոչընդոտում էին գազամուղի կառուցման աշխատանքների ընթացքը: «Ոչ ոք երաշխիքներ չի տալիս գազատարը կառուցող շինարարների կյանքի անվտանգության համար: Եվ, ամենակարևորը, շինտեխնիկան, խողովակները, բուլդոզերներն ու էքսկավատորները ամբողջովին վնասվել են ավազակախմբերի կողմից: Վնասները կազմում են ավելի քան 10 մլն ռուբլի», - գրում էր մամուլը (“Голос Армении (Коммунист)”, 04.10.1990):

Դեռևս այդ օրերին հայկական մամուլում հնչել են շրջափակման վերաբերյալ ճշգրիտ քաղաքական գնահատականներ. «Ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել Ադրբեջանի կողմից կազմակերպված՝ Հայաստանի ներկայիս շրջափակումը, եթե ոչ՝ որպես Հայաստանում իշխանական ճգնաժամի հրահրման փորձ» (“Голос Армении (Коммунист)”, 14.09.1990):

Տարեվերջին, Սպիտակի երկրաշարժի տարելիցի առթիվ, ԽՍՀՄ գլխավոր` «Պրավդա» օրաթերթի հրապարակման մեջ արձանագրվում է, որ «Շրջափակման հետևանքով Լենինական քաղաք մուտք չի գործում գազ, շինանյութ, ասֆալտ»  (“Правда”, 07.12.1990; “Голос Армении (Коммунист)”, 08.12.1990):

1991 թվականի փետրվարին ռուսական մամուլը կրկին անդրադառնում է Հայաստանում ստեղված իրավիճակին. «Երևանի փողոցներում հանգիստ է, և մարդիկ բարեկամական են, միայն բենզալցակայաններում մեքենաների խիտ, գրեթե կիլոմետրի հասնող հերթերն են խոսում դաժան էներգետիկ ճգնաժամի մասին: Նրանք խնայում են ոչ միայն բենզինը, այլև գազը, էլեկտրականությունը և հատկապես ջուրը: Այն տրվում է միայն առավոտյան և երեկոյան, մինչդեռ տաք ջրի մատակարարումն  ամբողջությամբ անջատված է: Բնակարաններում ցուրտ է, կենտրոնական ջեռուցումն աշխատում է միայն կիսով չափ: Ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում. չկա հումք, էներգիա: Հայաստան գրեթե ոչինչ չի ներկրվում և չի արտահանվում» (“Европа + Америка” № 2, 1991; “Голос Армении (Коммунист)” № 79 (17263), 23.04.1991):

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակը պայմանավորված էր գլխավորապես Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող շրջափակումներով, այնուամենայնիվ, քաղաքա-տնտեսական ճգնաժամ էր հասունացել արդեն ողջ ԽՍՀՄ տարածքում: Իրավիճակն այնպիսին էր, որ մոսկովյան «Ապրիլ» անկախ գրողների միության ներկայացուցիչ Ա. Նույկինը հայտնում էր. «Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցի ընթացքում ես նրան խնդրեցի` օգնել Ռուսաստանին» (“Голос Армении (Коммунист)” № 31 (17215), 14.02.1991):

1991 թվականի մարտի 14-ին Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունում Եվրամիությունը, որտեղ մասնավորապես նշվում է. «Շրջափակումը, որին ենթարկվում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, ժամանակ առ ժամանակ վերանում է, որպեսզի նորից վերսկսվի: Սումգայիթի և Բաքվի կոտորածներից հետո Ադրբեջանից Հայաստան գաղթած 300.000 հայ փախստականները գտնվում են ծայրահեղ թշվառ վիճակում և օգնության կարիք ունեն: Շրջափակումների հետևանքով էներգառեսուրսների անբավարարությունը (գլխավորապես՝ գազի) հանգեցրել է գործարանների փակման, գործազրկության, տրանսպորտի կաթվածահար վիճակի: Սպիտակի երկրաշարժի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացվող հետապնդումների հետևանքով 500.000-ից ավել մարդ ապրում է չափազանց անհուսալի պայմաններում: Մասնավորապես` նրանք չունեն բնակարանները ջեռուցելու հնարավորություն, և դա այն դեպքում, երբ շատ շրջաններում ջերմաստիճանը ձմռանն իջնում է մինչև -25 աստիճան»: Նույն բանաձևում Եվրամիությունը դիմում էր նաև ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին՝ կոչ անելով «ձեռնարկել անհապաղ արդյունավետ միջոցներ, որոնք ի վիճակի են ամբողջովին և ընդմիշտ դադարեցնել շրջափակումը, որի պատճառով տուժում են Հայաստանն ու Ղարաբաղը» (“Армянский Вестник” № 7 (21),  1991): 

Մարտի 17-ին ԽՍՀՄ մաս կազմող 9 հանրապետություններում անց է կացվում ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվե: Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև 4 այլ խորհրդային հանրապետություններ հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին: Փոխարենը` Հայաստանի ԳԽ-ն որոշում ընդունեց սեպտեմբերի 21-ին անցկացնել «Անկախության հանրաքվե»:

Վրաստանում սկիզբ առած քաղաքական զարգացումներով պայմանավորված`Վրաստանի ղեկավարությունը որոշում է ընդունում` ապրիլի 10-ից արգելել հարևան երկաթուղիներից ուղևորափոխադրող և բեռնատար գնացքների մուտքը Վրաստան, ինչը հանգեցնում է Կովկասում տիրող ծանր սոցիալ-քաղաքական իրավիճակի կտրուկ սրման (“Голос Армении (Коммунист)” № 74 (17258), 16.04.1991, 18.04.1991):

Հայաստան մուտք չեն գործում նաև Ադրբեջանի տարածքով անցնող գնացքները: Երկաթուղու երևանյան մասնաճյուղից հայտնում են. «Ապրիլի 8-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում ոչ մի վագոն չի ժամանել Նորաշենի կայարանով: Եվ սա այն դեպքում, որ տեխպլանը նախատեսում է, որ հանրապետությունն այս ուղղությամբ պետք է մեկ օրվա ընթացքում ստանա մինչև 530 վագոն: Նույն պատկերն է նաև Իջևանի կայարանում: Դե հաշվարկեք, թե Հայաստանն ինչ քանակությամբ բեռներ և սպառողական ապրանքներ չի ստացել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում» (“Голос Армении (Коммунист)” № 75 (17259), 17.04.1991):

Նույն ժամանակահատվածում` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Ադրբեջանի և խորհրդային զնիված ուժերի կողմից  իրականացվում է հայտնի «Կոլցո օպերացիան», ինչի արդյունքում հայաթափվում են ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի մոտ երկու տասնյակ գյուղեր:

Մայիսի 17-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունում է բանաձև՝ դատապարտելով ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ կատարված հանցագործությունները: Սենատը հորդորում է վերջ տալ շրջափակումներին և ուժի կիրառման այլ եղանակներին, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ահաբեկչությանը (“Республика Армения” № 94 (136), 25.05.1991):

Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին փորձագիտական վերլուծություն է հրապարակում ԼՂԻՄ-ի հայ բնակչության իրավունքների պաշտպանության անկախ կոմիտեն, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Երկրաշարժից հետո կես տարվա ընթացքում շինարարները աղետի գոտում  հիմնեցին հզոր շինարարական բազա: Մնում էր սկսել շինարարությունը, և հենց այդ ժամանակ նոր հարված հասցվեց Հայաստանին՝ տնտեսական շրջափակում հարևան Ադրբեջանի կողմից: Շրջափակումը կանգնեցրեց ամբողջ թափով ընթացող շինարարական աշխատանքները: 1989 թվականի ամռան և աշնան ամսիներին, շինարարության համար ամենից բարենպաստ ժամանակաշրջանում, մարդիկ պարապուրդի էին մատնված: Շատերը հեռացան: Դժվարությամբ կազմակերպված վերականգման աշխատանքները այդպիսով խափանվեցին»  (“Голос Армении (Коммунист)” № 81 (17265), 26.04.1991):

Նույն կոմիտեի նախագահ Վ. Դանիլովն իր հերթին արձանագրում է. «Կենտրոնի քաղաքականության պատճառով Հայաստանը գտնվում է սովի եզրին. մի կողմից՝ Ադրբեջանը փակել է երկաթուղային կապը, գազատարը, մայրուղիները, մյուս կողմից՝ Մոսկվայի հետ դիմակայության պատճառով Վրաստանում տեղի ունեցող բողոքի գործողությունների հետևանքով  չի գործում նաև Հայաստանի տրանսպորտային վերջին շնչերակը: Ավելի քան կես տարի է, ինչ Հայաստանի խանութներում միս չկա: Վերջին երեք ամսում չկա կարագ: Եվ դուք կարող եք հասկանալ այն ավիաուղևորներին, ովքեր ցանկանում են գոնե ինչ-որ բան բերել այլ երկրներից իրենց ընտանիքներին» (“Голос Армении (Коммунист)” № 94 (17278), 23.05.1991):

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ մոսկովյան «Куранты» օրաթերթը գրում է. «Հանրապետությունն ապրում է շրջափակման մեջ: Երևանյան խանութների դարակները ստերիլ մաքուր են: Շուկայում գներն այնպիսին են, որ համեմատական կարգով մոսկովյան շուկաները բարեգործական հաստատություններ են թվում: Ինքնաթիռների համար վառելիքի պակասը, անձնական տրանսպորտային միջոցների, ջրի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերական ընդհատումները ներկայիս Հայաստանի ամենօրյա իրականությունն են»: Նույն հրապարակման մեջ նաև արձանագրվում է, որ «Բազմաթիվ ոլորտներում Հայաստանը շատ ավելի արագ գնաց բարեփոխումների ճանապարհով, քան կարելի էր ենթադրել, ինչը չէին ցանկանա կենտրոնական կառույցները» (“Республика Армения” № 128 (170), 13.07.1991):

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած «Անկախության հանրաքվեի» արդյունքների հիման վրա Հայաստանի ԳԽ-ն Հայաստանը հռչակում է անկախ պետություն: Հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Հայաստանի նախագահ է ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը:

Օրեր անց Հայաստանը Ադրբեջանի կողմից ենթարկվում է հերթական և, ըստ էության, մինչ օրս շարունակվող շրջափակման: «Երկարատև դադարից հետո Ադրբեջանի Ղազախի շրջանում կրկին փակվել է Հայաստան մուտք գործող գազատարը: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Առանց դա էլ գազը մատակարարվում էր նորմայից շատ քիչ, բայց այժմ այդ ցուցանիշը զրո է», -արձանագրում է մամուլը (“Республика Армения” № 209 (251), 06.11.1991):

Ադրբեջանի մամուլի ներկայացուցիչները, շրջափակումը պայմանավորելով Արցախի խնդրի հետ, հայտարարում էին, որ Հայաստանի «տնտեսական շրջափակումը» ադրբեջանական կողմը համարում է «տնտեսական պատժամիջոց». «Ադրբեջանը ստիպված է դիմակայել այն ագրեսիային, որին ենթարկվում է չորս տարի: Սա պատերազմ է, և կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ` ընդդեմ Հայաստանի» (“Республика Армения” № 213 (255), 12.11.1991):

Ղազախում գազատարը փակելուց հետո ընթանում են ամենօրյա բանակցություններ հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Ադրբեջանցիներն ու տեղի խորհրդային զորքերը գազատարը բացելու համար առաջ են քաշում նախապայման` Հայաստանի և Ադրբեջանի միջև 10 կմ լայնությամբ «բուֆերային գոտու» ստեղծում: Բնականաբար, հայկական կողմը դեմ է արտահայտվում այդպիսի «բուֆերային գոտու» ստեղծման առաջարկին, ինչը, ըստ էության, ամբողջովին անջատելու էր Արցախը Հայաստանից (“Республика Армения” № 213 (255), 12.11.1991):

Չնայած Հայաստանի,  Ադրբեջանի և որպես միջնորդ հանդես եկած Ռուսաստանի և Ղազախստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան մուտք գործող գազի մատակարարումն այդպես էլ չի վերականգնվում (“Известия”, 20.11.1991): Իսկ Վրաստանից  Հայաստան մուտք գործող գազամուղը դեռևս շահագործման չհանձնված՝ սկսվում են պայթեցումները. «Վրաստանով անցնող գազատարը, որի միջոցով մինչև այս շաբաթվա վերջ պետք է սկսվեր դեպի Հայաստան 5 մլն խմ գազի մատակարարումը, պայթեցվել է Հարավային Օսիայի տարածքում» (“Республика Армения” № 220 (262), 21.11.1991):

Էներգետիկ ճգնաժամի հետևանքով դադարեցվում են նաև Կապանի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքները: «Հարվածի տակ է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Գործարանը հումքով մատակարարող պոմպերը, սարքավորումների զգալի մասը, ենթակառուցվածքները կարող են սառչել և լիովին շարքից դուրս գալ», - գրում է մամուլը (“Республика Армения” № 214 (256), 13.11.1991):

Հայաստանում ստեղծված իրավիճակին կրկին անդրադառնում է մոսկովյան մամուլը. «Հայաստանի շրջափակումը շարունակվում է: Ձմռան ամիսների մոտենալուն հետ կապված՝ կան բոլոր հիմքերը հավատալու, որ շուտով հանրապետությունը կարող է «թեժ կետից» երկար ժամանակով վերածվել «սառը կետի»: Նոյեմբերի 22-ից ամբողջովին դադարեցվել է Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը. Հայաստանը մնացել է առանց էներգիայի, սննդի, շինանյութերի: Վառելիքի պակասի պատճառով գրեթե դադարեցվել է օդային երթևեկությունը» (“Известия”, 26.11.1991):

Տարեվերջին` դեկտեմբերի 26-ին, դադարում է ԽՍՀՄ գոյությունը:

 

1992 - 1994թթ. Նորանկախ Հայաստան

 

1992 թվականի հունվարի 6-ին, հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի արդյունքները, ԼՂ ԳԽ-ն ընդունում է «ԼՂՀ Պետական անկախության մասին հռչակագիրը»: Ղարաբաղաադրբեջանական և Հայաստանաադրբեջանական սահմանային գոտիներում չդադարող զինված միջադեպերը սահուն կերպով վերածվում են լայնածավալ պատերազմի` բազմապատկելով Հայաստանի առաց այդ էլ ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Սննդամթերքի անբավարարությունը մեծացնում է հացի պահանջարկը. «Երևանում կրկին հացի երկար հերթեր են գոյանում» (“Голос Армении (Коммунист)” № 25 (52), 06.03.1992):

Էներգետիկ ճգնաժամի հետևանքով «Էլակտրամատակարարման գծերն իրենք իրենց անջատվում են մեկը մյուսի հետևից», չնայած դրան «բոլոր ջանքերն ուղղվում են գոնե հիվանդանոցների էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար»: «Իրավիճակը շատ լուրջ է», - արձանագրում է մամուլը:

Նույն տարվա ընթացքում խափանվում է Ուզբեկստանի տարածքով Վրաստան և Հայաստան մուտք գործող թուրքմենական գազի մատակարարումը. «Ուզբեկստանը որոշում է կայացրել` գանձել վճարները այն հանրապետություններից, որոնք օգտվում են Ուզբեկստանի տարածքով անցնող գազամուղից: Ուզբեկստանն արդեն իսկ կրճատել է իր տարածքով անցնող թուրքմենական գազի ծավալը, և, ըստ այդմ, Վրաստան, համապատասխանաբար՝ նաև Հայաստան մատակարարվող գազի ծավալը կրտուկ նվազել է»: Ադրբեջանի տարածքից հրետակոծության արդյունքում վնասվում է նաև Հայաստանի ամենամեծ` Տաթևի ՀԷԿ-ը (“Голос Армении (Коммунист)”, 25.12.1992):

1993 թվականի հունվարի 21-ին Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևն է ընդունում Եվրամիությունը, որտեղ ընդգծվում է, որ «Ադրբեջանից Հայաստան մուտք գործած 300.000 հայ փախստականները ողբերգական իրավիճակում են գտնվում; ստեղծվել է ծանր իրավիճակ Սպիտակի երկրաշարժից տուժած աղետի գոտում; Ադրբեջանի կողմից իրականացվող ամբողջական շրջափակումը հանգեցնում է տնտեսական ճգնաժամի, ինչի նպատակն է` Հայաստանը ներքաշել զինված հակամարտության մեջ; Ադրբեջանի կողմից իրականացվող դաժան շրջափակումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում»:

Հաշվի առնելով ստեղված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանում բարձրացնում է ատոմակայանի բացման հարցը: «Մենք չենք կարող ազգի կենսապահովումը կախված թողնել արտաքին քաղաքական գործոններից: Ատոմակայանի բացումը կյանքի խնդիր է, այլ ոչ թե քաղաքական», -  ընդգծում է նախագահի մամուլի խոսնակ Ռ. Շուգարյանը (“Республика Армения” № 014 (549), 29.01.1993): 1993 թվականի ապրիլի 7-ին, դիմակայելով միջազգային ճնշումներին, ՀՀ Կառավարությանը որոշում է ընդունում Հայկական ատոմակայանը վերագործարկելու մասին: (Ատոմակայանը վերագործարկվում է 1995 թվականի նոյեմբերի 5-ին:)

Վրաստանում ներքաղաքական քաոսի և Աբխազական պատերազմի արդյունքում պարբերաբար խափանվում է Հայաստան ապրանքների, այդ թվում` սննդամթերքի ներմուծումը: Վրաստանի տարածքով Հայաստան մուտք գործող երկաթգծի և գազամուղի պայթեցումների վերաբերյալ լուրերը դառնում են «սովորական»: Գազամուղի պայթեցման տասնյակ դեպքերից մեկի վերաբերյալ Վրաստանում ընթացող հետաքննության արդյունքում ձերբակալվում են Ադրբեջանի և վրացական Մառնեուլի քաղաքի բնակիչներ. «Ձերբակալվելիս նրանցից մեկի մոտ նռնակ է հայտնաբերվել: Հանցագործությունը, ըստ վրացի քննիչների, կատարվել է դիվերսիոն խմբի կողմից, որը նախկինում երկաթուղային կամուրջներ էր պայթեցրել Իմիրի և Սադախլո գյուղերում, որոնց միջոցով գնացքները Վրաստանով անցնում են Հայաստան» (“Республика Армения” № 014 (549), 29.01.1993; “Русская мысль”, 12.03.1993):

Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ չեն դադարում հրապարակումները միջազգային մամուլում: Ռուսական մամուլը գրում է. «Հանրապետությունում իրավիճակն աղետալի է: Չկա գազ, լույս, ջուր, չի բավարարում սննդամթերքը: Երևանում հացի ամենօրյա չափաբաժինը 250 գրամ է: Բացի հացից, քաղաքի բնակիչների մեծ մասն ի վիճակի չէ որևէ բան գնել. խանութներում պարզապես մթերք չկա: Էլեկտրաէներգիայի և բենզինի պակասի պատճառով չի աշխատում հասարակական տրանսպորտը, փոստը, հեռախոսային կապը, դպրոցները, մանկապարտեզները և ԲՈՒՀ-երը: Ավելի հազվադեպ են աշխատում շտապօգնության ավտոմեքենաները: Որպեսզի ինչ-որ կերպ տաքանան, մարդիկ կտրում են ծառեր այգիներից, անտառներից, փողոցային ծառուղիներից: Այսօր, փաստորեն, Հայաստանում չկա ռադիո և հեռուստատեսություն, թերթերն ու ամսագրերը դադարել են հրապարակվել» (“Русская мысль”, 05.02.1993):

«Վաշինգտոն Փոստը», իր հերթին, արձանագրում է. «Ադրբեջանի կողմից շրջափակումը և Վրաստանում տիրող քաոսը խափանել են Հայաստանի սնման հիմնական ճանապարհները՝ տանջանք պատճառելով բնակչությանը և կախվածություն ստեղծելով միջազգային օգնությունից» (“The Washington Post”, 28.04.1993; “Зов Арцаха” № 3 (49), 1993):

1994 թվականի փետրվարի 9-ին «Բոստոն Գլոբ» թերթում հրապարակված «Անտեսանելի պատերազմը Ղարաբաղում» խորագրով հոդվածում նշվում է. «Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը պետք է վերացվի, որպեսզի Երևանում երեխաները չսառչեն: Վաշինգտոնի, Մոսկվայի և Արևմտյան Եվրոպայի կառավարությունները պարտավոր են վերջ տալ այդ բոլոր տառապանքներին» (“The Boston Globe”, 09.02.1994; “Республика Армения”, 16.02.1994):

Չնայած այս ամենին՝ այդ ժամանակաշրջանի ընդդիմությունը (ՀԿԿ, ԱԻՄ, ՀՅԴ և այլն), ողջ 1992-1994 թվականներին, հանրահավաքների, նույնիսկ դավադիր միջոցներով չեն դադարում պահանջել իշխանությունների և ՀՀ նախագահի հրաժարականը: Օրինակ` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքներին մասնակցում էին նաև ռազմաճակատը լքած զինված մարդիկ: «Հայաստանում աշխատող դիտորդների շրջանում մեծ անհանգստություն էր առաջացնում այն փաստը, որ հանրահավաքից հետո նախագահական նստավայրի մոտ հավաքված մարդկանց մեջ մոտ մեկ տասնյակ զինված անձինք կային», - արձանագրում էր մամուլը: Ուշագրավ է նաև այն, որ նույն հրապարակման մեջ ասվում է. «Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը մեղադրեց Պ. Հայրիկյանին ռազմաճակատից կամավորներին հետ կանչելու համար և հիշեցրեց, որ Երևանում իրավիճակի ապակայունացման փորձը կարող է հարվածել ղարաբաղցիներին» (“Русская мысль”, 12.02.1993):

 

***

 

Ահա սա է 1989-1994 թվականներին Հայաստանում տիրող իրավիճակի մոտավոր պատկերը: Ու չնայած այդ աներևակայելի ճգնաժամերին ու լայնածավալ պատերազմին, Հայաստանն ու Արցախը, դիմակայելով նաև արտաքին քաղաքական ճնշումներին, ռազմական հաղթանակ են տանում Ադրբեջանի հանդեպ, ինչն արձանագրվում է 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարով:

Վերջաբանի փոխարեն հարկ է մեջբերել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2007 թվականի նոյեմբերի 16-ի ելույթից հետևյալ տողերը. «Որևէ այլ երկրում ոչ մեկի մտքով չէր անցնի պատերազմի տարիները կոչել ցրտի, մթի, իսկ որոշ տեղերում՝ նաև սովի ու համաճարակի տարիներ։ Նման հանճարեղ միտք կարող էր ծագել միայն երեքհազարամյա քաղաքակրթությամբ հպարտացող հայերի ուղեղներում։  […] Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992-1994 թվականները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ […] Համոզված եմ, որ սերունդները «ցրտի ու մթի» տարիները գնահատելու են որպես հերոսական մաքառման և հաղթական պատերազմի տարիներ։ […] Խորապես ցավում եմ, որ հարկադրված եղա այսքան բացահայտ խոսել Հայաստանի էներգետիկ ճգնաժամի և հաղթական պատերազմի փոխկապակցվածության մասին։ Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրավորված զգար՝ այդ բանն իրեն հիշեցնելու համար»:

Հարութ Ուլոյան