14.01.2020 12:32

Իրանում բողոքի ցույցերը չեն դադարում

Իրանում բողոքի ցույցերը չեն դադարում

Այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ խոցել են իրանցի զինվորականները, երկրի մի քանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Սպահանում, Համադանում,  բողոքի ցույցեր ծայր առան: Մեկնաբանները նշում են, որ խոսքը «զայրացած քաղաքացիների» միջին դասի մասին է:

Առաջին ցույցն սկսվել էր որպես սգո երթ՝ ի հիշատակ օդանավի զոհված ուղևորների, ապա այն վերաճել էր հանրահավաքի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հրաժարականի պահանջով: Դրանից հետո ցուցարարների պահանջները չեն փոխվել, նրանց թիվը հազարների է հասնում:

Ընդամենը երկու ամիս առաջ բենզինի թանկացման կապակցությամբ ծավալված բողոքի ցույցերի ընթացքում ակտիվիստները տեղեկացնում էին, որ ակցիաները դաժանորեն ցրվում են: Զոհերի թիվը, տարբեր տվյալներով, հասել էր մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազարի:

Այժմ ցույցերը չեն ցրվում, զոհեր էլ չկան, ընդ որում՝ այս անգամ իշխանությունները ինտերնետ-կապը չեն անջատել: Սոցիալական ցանցերում խոսում են, թե Թեհրանում ոստիկանները հրազեն են կիրառել, իշխանությունները հերքում են այդ լուրերը:

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում նախազգուշացրել էր իրանական իշխանություններին. «Ձեզ ամբողջ աշխարհն է հետևում և, որ ավելի կարևոր է՝ հետևում է ԱՄՆ-ը: Միացրեք ինտերնետը և ազատություն տվեք ցուցարարներին»:

Իշխանությունների այդքան իրարից տարբերվող վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ կարող է բացատրվել Թրամփի նախազգուշացմամբ կամ էլ նրանով, որ այժմ շատ ավելի մեծ թվով իրանցիներ են դուրս եկել փողոց:

Փոխանցում է BBC-ն: