14.01.2020 14:55

Ջերեմի Քորբինը՝ «հավերժ ապստամբող պատանին», հեռանում է

Ջերեմի Քորբինը՝ «հավերժ ապստամբող պատանին», հեռանում է

Անկոտրում սոցիալիստ, համաշխարհային իմպերիալիզմի դեմ մարտնչող, ՀԱՄԱՍ-ի, Ֆիդել Կաստրոյի և Ուգո Չավեսի  բարեկամ, brexit-ի պատճառով բրիտանական քաղաքականության մեջ երկպառակություն հրահրելու համահեղինակ Ջերեմի Քորբինը հեռանում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից:

Երկուշաբթի՝ հունվարի 13-ին, ավարտվել է Բրիտանիայի երկու առաջատար կուսակցություններից մեկի ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը:

Դեկտեմբերյան ընտրություններում կուսակցությունը հիմնահատակ ձախողման հասցրած Ջերեմի Քորբինին կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինելու հավակնությամբ առաջադրվել է հինգ հոգի:  Հավակնորդները Բրիտանիայից դուրս այնքան էլ հայտնի չեն: Հարցումների համաձայն՝ ընտրապայքարի առաջատարն առայժմ brexit-ի ստվերային նախարար, 59-ամյա Քիր Սթարմերն է: Նա ավելի չափավոր քաղաքական գործիչ է համարվում, քան Քորբինն է:

Քորբինն ինքը, դեկտեմբերին կայացած հարցումներից մեկի համաձայն՝ վերջին կեսդարյա ժամանակահատվածում ընդդիմության ամենաքիչ ժողովրդականություն վայելող առաջնորդն է եղել. նրա գործունեությանը հավանություն է տվել հարցվածների ընդամենը 16 %-ը, նրան քննադատել է 76 %-ը: Բորիս Ջոնսոնի պարագայում հարաբերակցությունը նույնպես բացասական է եղել, բայց շատ ավելի պակաս՝ 35 %՝ ընդդեմ 47%-ի:

Փոխանցում է BBC-ն: