14.01.2020 17:04

Լիզա Ճաղարյան. Անվախ են՝ թախտի տակից դուրս չեն գալիս

Լիզա Ճաղարյան. Անվախ են՝ թախտի տակից դուրս չեն գալիս

Անաչառագույն կայքերից մեկում մի արցունք քամող ձոն կարդացի ՍԴ անդամների մասին։

Ձոնն ավետում է, որ ՍԴ անդամները «վախը հաղթահարել են»։

Չզարմացա։ Հա՛ դե բա՝ «խրամատում» նստած զօրուգիշեր Հայաստանը պաշտպանում են ոսոխից, պարզ չի՞, որ նման անանձնական եւ անձնազոհ պայքարի ելածները վախը հաղթահարած կլինեն։

Այս «հերոսական» մթնոլորտում մի զարմանահրաշ օրինաչափություն, այնուամենայնիվ, աչք է ծակում։

Հետհեղափոխական գրեթե բոլոր «կտրիճդավոները» մինչհեղափոխական Հայաստանում հանրությանը հայտնի են միմիայն իրենց պատեհապաշտ կամակատարությամբ, իրենց տերերին քծնելու 24-ժամյա պատրաստակամությամբ, ավազակախմբի ծով հանցագործությունները չնկատելու վարպետությամբ կամ պարտությունները «պատմական հաղթանակ» ներկայացնելու տաղանդով եւ վերջապես՝ ակնհայտ ու նողկանք հարուցող վախկոտությամբ։

Մնացածներին անդրադառնալու առիթներ դեռ շատ կլինեն, այս պահին «դառնանք զօղորմին տանք» Սահմանադրական դատարանում անձնվիրաբար «բարիկադավորվածներին»։

Որքան էլ, ինչ-ինչ «անշահախնդիր» նպատակներով, անաչառագույնները լուսապսակ հյուսեն այս մարդկանց գլխավերեւներում, Հայաստանի քաղաքացիները դեռ չեն հասցրել մոռանալ, որ ՍԴ-ում երբեւէ հանցագործ իշխանությանն անհաճո վճիռ չեն կայացրել։

Երկու տարբերակ կա այս դեպքում։ Կա՛մ վախեցել են իշխանության կամքին հակառակ որոշում կայացնել, կա՛մ իրենց ապօրինի որոշումներով սատարել են նախկիններին, քանի որ իրե՛նք էլ են հանցագործ։

Երկու դեպքում էլ այս մարդիկ պետք է հեռանան, եթե բարոյականության նշույլ մնացել է սրանց հոգիներում։

Չէ՛, պինդ-պինդ սոսնձվել են «անձեռնմխելի» աթոռներին եւ պիցցայաբույր երգչախմբի ուղեկցությամբ աղաղակում են, որ իրենց աննախադեպ դաժանությամբ հալածում են։ Եվ ի հեճուկս ոսոխի, ինչպես էժանագին դիֆիրամբների հեղինակներն են շարադրում՝ սրանք հաղթահարել են վախը եւ կենաց-մահու կռիվ են տալիս։

Հոգեբաններն ու հոգեբույժները գուցե հետագայում կպարզեն, թե ինչ հրաշքով են ստաժավոր կամակատարներն ու վախկոտները մեկ էլ անսպասելի փոխակերպվում ու դառնում քաջ եւ անձնազոհ մարտիկներ, իսկ հանրությունը, մինչ այս առեղծվածի պարզաբանումը, իրավունք ունի քա՛հ-քա՛հ ծիծաղելու նման անհեթեթություններ կարդալիս կամ լսելիս եւ շատ հիմնավոր պատճառներ ունի խղճալու այն սազանդարներին, որ նման անպատվաբեր ու զավեշտալի դեր են ստանձնել։

Ախր ամեն ինչ պարզից էլ պարզ է. ՍԴ անդամների խամաճիկային թելերը շարունակում են մնալ նախկինների ձեռքերում, եւ ՍԴ անդամների կարճ խելքով՝ իրենք դեռ «առաքելություն» ունեն կատարելու հանուն իրենց տերերի, որովհետեւ հույսները չեն կտրել, որ իրենց հոգեհարազատ հանցագործները կվերադառնան։

Ի դեպ, Հայաստանում շատերը կերազեին, որ իրենց նկատմամբ էլ նույնպիսի հալածանքներ կիրառեին, ինչպիսիք փորձում են կիրառել ներկա «շատ դաժան» իշխանությունները. թավշյա իշխանավորները պատրաստ են սրանց աննախադեպ բարձր թոշակով ճամփու դնել իրենց տները։

Իրո՛ք որ, աննախադեպ դաժան հալածանք է։

Ո՞վ լիներ այս իրավիճակում, որ վախը չհաղթահարեր։

Չէ՞։