14.01.2020 18:05

Ովքե՞ր էին վեց տարի շարունակ փողեր շպրտում անգլիական գյուղում

Ովքե՞ր էին վեց տարի շարունակ փողեր շպրտում անգլիական գյուղում

Արդեն վեց տարի է՝ անհայտ անձինք փողի տրցակներ են թողնում Անգլիայի հյուսիսում գտնվող Դարեմ կոմսության Բլեքհոլ-Քոլիերի գյուղի  փողոցներում:

Վերջապես պարզվել է, թե ովքեր են այդ «բարի սամարացիները», թեպետ նրանք ցանկացել են մնալ անանուն:

Փողը՝ 20 ֆունտանոց թղթադրամներով երկու հազար ֆունտ (2 600 դոլար) , միշտ դրվում էր տեսանելի վայրերում, հաճախ՝ հենց մայթին:

Երկու բարերարներ ոստիկանությանը պատմել են, որ իրենք անակնկալ կերպով փողատեր են դարձել ու որոշել են զբաղվել բարեգործությամբ: 2014 թվականից նրանք իրենց փողերը Բլեքհոլ-Քոլիերի բնակիչների հետ կիսել են առնվազն 12 անգամ: Բարերարներից մեկն ասել է, որ ինքը զգացմունքային կապ ունի հանքափորների այդ նախկին գյուղի հետ, քանի որ նախկինում տեղացիներից մեկն օգնել է իրեն, ու ինքն էլ ցանկացել է շնորհակալություն հայտնել ամբողջ գյուղին:

Վերջին վեց տարում տեղացիները ոստիկանությանն են հանձնել իրենց գտած ամբողջ գումարը՝ 26 հազար ֆունտ (գրեթե 34 հազար դոլար): Բրտանական օրենքների համաձայն՝ եթե գտնված փողի տերը չի հայտնաբերվում կամ էլ հրաժարվում է ետ վերցնել այն, ապա որոշ ժամանակ անց այդ փողը վերադրաձվում է գտնողին: Մինչև հիմա գտնված ամբողջ գումարը վերադարձվել է դրանք գտնողներին:

«Ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք վստահաբար կարող ենք ասել, որ խոսքը հանցավոր գործունեության կամ հոգեկան շեղումներ ունեցող մարդու մասին չէ,- հայտարարել է Դարեմի ոստիկանության ներկայացուցիչը:- Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ «բարի սամարացիներին» ու նաև գյուղի ազնիվ բնակիչներին, որոնք պարտադիր փողը բերել են ոստիկանություն»:

Փոխանցում է BBC-ն: