15.01.2020 11:06

Լրագրող. «Ուկրաինական օդանավը խոցելու պահը նկարահանած մարդն ապահով վայրում է»

Լրագրող. «Ուկրաինական օդանավը խոցելու պահը նկարահանած մարդն ապահով վայրում է»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ձերբակալել է այն մարդուն, որը նկարահանել է  հունվարի 8-ին իրանական ՀՕՊ հրթիռի «բախումը» «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար օդանավի հետ:

Սակայն Լոնդոնում աշխատող մի լրագրող, որն առաջինն է հրապարակել ինքնաթիռի կործանման տեսագրությունը, պնդում է, որ իր աղբյուրն անվտանգ վայրում է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բոլորովին այլ մարդու է ձերբակալել: «Վիդեոն նկարահանած մարդուն վտանգ չի սպառնում: Հավատացնում եմ, ԻՀՊԿ-ն հերթական սուտն է պատրաստում»,- ասել է լրագրողը:

Հավանաբար՝ ձերբակալվածին ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեղադրանք կներկայացվի:

Երեքշաբթի ձերբակալվել են նաև օդանավի աղետի պատճառով բողոքի ցույցի առնվազն 30 մասնակիցներ, ինչպես նաև մի քանի հոգի, որոնք, հետաքննության վարկածի համաձայն՝ կապ ունեն օդանավի աղետի հետ:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հայտարարել է, որ օդանավի գործի դատավարությունը կանցկացնի «հատուկ դատարանը»: «Դա սովորական դատավարություն չի լինի: Դրան ամբողջ աշխարհն է հետևելու»,- ասել է նա հեռուստատեսությամբ հեռարձակված իր ուղերձում:

Փոխանցում է BBC-ն: