Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը որոշել են պաշտոնապես պահանջներ ներկայացնել Իրանին

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում տարաձայնությունները հաղթահարելու պաշտոնական գործընթաց են սկսել այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ հրաժարվում է 2015 թ. կնքված պայմանագրով նախատեսված բոլոր սահմանափակումներից:
Եվրոպական երեք երկրները հայտարարել են, որ իրանական ղեկավարության վերջերս կայացրած այդ որոշումն իրենց այլ ընտրության տեղ չի թողնում:
«Իրանը շարունակում է խախտել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված հիմնական պայմանները: Իրանի գործողություններն այժմ չեն համապատասխանում պայմանագրի դրույթներին և ավելի ու ավելի լուրջ ու անդառնալի հետևանքներ են թողնում: Մենք համաձայն չենք, թե Իրանն իրավունք ունի հրաժարվելու պայմանագրի դրույթները կատարելուց»,- ասվում է հայտարարության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ եվրոպական եռյակը ափսոսանք է հայտնել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ և շեշտել, որ ուզում է պահպանել պայմանագիրը:
Եվրոպական երկրները մտադիր չեն Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել:
Փոխանցում է BBC-ն: