15.01.2020 15:31

Նախկինների ինքնաոչնչացումը

Նախկինների ինքնաոչնչացումը

Նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց հանկարծակի արբանյակները դարձած ակտիվիստները մի կարեւոր բան չեն հասկանում (կամ հասկանում են, ուղղակի՝ գործ է, էլի, անում են) եւ ըստ այդմ էլ կառուցում են իրենց քաղաքական ակտիվությունը: Նրանց թվում է, որ եթե իրենք ժամապահների ճշգրտությամբ րոպե առ րոպե հետեւեն  իշխանություններին եւ աղմուկ բարձրացնեն ցանկացած սայթաքման եւ սխալի մասին, բնականաբար՝ ուռճացնելով դրանք ու դրանց դավադրապաշտկան երանգներ հաղորդելով, ապա մարդիկ  կսկսեն հիասթափվել, եւ իրենք իշխանության վերադառնալու շանս կունենան:

Բայց սա մեծ, շատ մեծ սխալ է: Որը ոչ միայն նրանց իշխանության գալու հնարավորություն չի տա երբեք, այլեւ, ավելին, դեռ մի բան էլ կդառնա այս իշխանությունների երկարակեցության գրավականը: Այո, նախկինները կարող են ապրել ջայլամային քաղաքականությամբ եւ ֆեյքային իրականության վերլուծությամբ կարծեն, թե քարոզչական առումով հասնում են հաջողությունների (ի վերջո, դա իրենց իրավունքն է), բայց իրական կյանքում ամեն ինչ այլ է. նախկինների հանդեպ ատելությունն այնքան մեծ է, որ նրանք քաղաքական գործընթացների արդյուքնում իշխանության գալու որեւէ շանս ուղղակի չունեն: Ավելին, այդ ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրանց շուրթերից հնչած ճիշտը մարդիկ չեն ընդունում: Այսինքն՝ ոչ միայն նրանց ուռճացված ու հորինված քննադատությունն է մերժվում, այլեւ՝ անգամ տեղին քննադատությունը: Հանրությունը կույր չէ եւ տեսնում է լավն էլ, վատն էլ, ճիշտն էլ, սխալն էլ, բայց արձագանքները դառնում են կատեգորիկ, երբ մեկ էլ հայտնվում են նախկինները եւ սկսում են քննադատել, այդ ժամանակ հանրային արձագանքը անգամ իշխանության սխալներին դառնում է մոտավորապես այսպիսի ոճի՝ «լավ են անում, ձեզ ի՞նչ, դուք չէ, որ պիտի քննադատեք»:

Փաստորեն, որքան նախկինները շատ են քննադատում ներկաներին, այնքան հանրությունը սատարում է ներկաներին եւ անգամ ներկա իշխանությունների արած ակնհայտ սխալների վերաբերյալ նախընտրում է լռել:

Այնպես որ՝ եթե նախկինները թաքուն հույսեր են փայփայում, որ ներկա իշխանությունները հաջորդ կամ մյուս (էական չէ) ընտրություններում մեծամասնություն չլինեն կամ հեռանան իշխանությունից, առաջին հերթին պետք է մեկ կարեւոր բան անեն՝ լռեն: Նրանք պետք է ոչ միայն լռեն, այլեւ փորձեն հնարավորինս հեռու մնալ հանրային կյանքից, չերեւան, գործունեության մեջ հնարավորինս զուսպ ու աննկատ լինեն, մի խոսքով՝ մարդկանց աչքից հեռու լինեն, որպեսզի հանրությունը ժամանակի ընթացքում պարզապես կամաց-կամաց սկսի մոռանալ իրենց գոյության մասին: Այ, երբ հանրությունը կմոռանա իրենց գոյության մասին, գուցե եւ նախկիններից ոմանց հանդեպ հանրային բացասական վերաբերմունքը, եթե չմարի, ապա գոնե կնվազի, եւ հանրությունն ինքը կսկսի բարձրաձայնել լավի մասին էլ, վատի մասին էլ, արածների մասին էլ, չարածների մասին էլ, սխալների մասին էլ, բացթողումների մասին էլ (որոնք, բնականաբար, անում են ներկայիս իշխանությունները), եւ գուցե շատ տարիներ հետո նախկինները գոնե մի քանի պատգամավորով խորհրդարանում հայտնվելու շանս ստանան:

Փոխարենը, սակայն, նախկինները ոչ միայն այս պարզ բանը չեն հասկանում կարծես, այլեւ շարունակում են հայտնի համառությամբ անդադար երեւալ ու խոսել եւ հետո բողոքել ատելության խոսքից՝ չհասկանալով, որ ոչ միայն հաշվարկ անել իմացող, այլեւ թեկուզ հենց ինքնասիրություն ունեցող քաղաքական գործիները նման իրավիճակում չպետք է այդպիսի ինտենսիվությամբ հայտնվեին հանրության մոտ՝ ստիպելով մարդկանց անընդհատ տաք պահել իրենց հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը:

Կարճ ասած՝ քանի նախկիններն այսպիսի ագրեսիվությամբ ակտիվ քննադատում են ներկա իշխանություններին, այնքան ավելի ու ավելի երկար իշխանություն լինելու հնարավորություն են տալիս իշխանությանը՝ նույնպիսի զրոյական մակարդակում պահելով վերադարձի իրենց հնարավորությունը:

Պարգեւ Ապրեսյան